Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս

ՀՀ սփյուռքի նախարարությունում ապրիլի 5-ին տեղի ունեցավ 2018 թվականի ծրագրերին նվիրված մամուլի ասուլիս: Բանախոսներն էին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

Ներկայացնելով Սփյուռքի նախարարության ընթացիկ տարվա ծրագրերը՝ Գագիկ Գյանջումյանը նշեց, որ դրանց մի մասն ամենամյա են, և աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«2018-ը «Արի տուն» ծրագրի համար հոբելյանական է. լրանում է ծրագրի 10 տարին: Ծրագիրը կմեկնարկի հունիսի 17-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը՝ 8 փուլերով, յուրաքանչյուր փուլը կտևի 14 օր, որից 9 օրը մասնակիցները կանցկացնեն հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում: Ծրագրին կարող են մասնակցել 13-17 տարեկան երիտասարդները: Այս պահին 10 երկրից 84 հայտ ենք ստացել»,- նշեց Համահայկական ծրագրերի վարչության պետն ու հորդորեց Երևանի վարչական շրջանների բնակիչներին հյուրընկալել «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, մտերմանալ սփյուռքահայ պատանիների հետ և դառնալ Հայրենիքում նրանց ընկերները:

Բանախոսները հավելեցին նաև, որ Երևանին մերձակա մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի բնակիչները հաճույքով են հյուրընկալում արիտունցիներին:

Անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցին՝ Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանն ընդգծեց, որ ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ, և այս տարի ևս կընթանա հինգ ուղղություններով՝ հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի     01-28), հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում (հուլիսի 01-28), լրագրողների վերապատրաստում (հուլիսի    01-14), ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի         01-14), երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների      դասընթաց (հուլիսի    01-14): Նախատեսվում է, որ ծրագիրն այս տարի  կունենա    250 մասնակից:
 Բանախոսները      ներկայացրին նաև նախարարության «Իմ Հայաստան» փառատոնը: Նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018թ. ծրագրին և միջոցառումների ցանկին:

«Փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ: Այս տարի այն կմեկնարկի հուլիսի 11-ին և կավարտվի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն «Պարարվեստի օրեր», «Երգչախմբային արվեստի օրեր», Ասմունքի համահայկական            փառատոն            Շուշիում,  Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն, «Հայ երգի օր», ելույթներով հանդես կգան անհատ կատարողներ: Արդեն ստացել ենք մասնակցության 70 հայտ»,-հավելեց Գագիկ Գյանջումյանը:
Անդրադառնալով նախարարության մյուս՝ «Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի մշակման և տրամադրմում» ծրագրին՝ բանախոսները նշեցին, որ Սփյուռքի հայկական համայքներում գործում են շուրջ 1000 կրթօջախներ, և 2017 թվականի ընթացքում 360 կրթօջախի փոստային կամ առձեռն եղանակով առաքվել է 87416 կտոր գիրք:

««2017 թվականին «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում հայատարավել էր մրցույթ չորս անվանակարգերում՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Լավագույն երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Ազատ Արցախ» և «Մայիս՝ հաղթանակների ամիս» մանկապատանեկան ստեղծագործությունների մրցույթ: Արդյունքներն ամփոփվել և ուղարկվել են Սփյուռքի համապատասխան կառույցներին»,-նշեց Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը և հավելեց, որ 2018 թվականի մրցանակաբաշխության շրջանակներում հաստատվել են հետևյալ անվանակարգերը`  «Մայրենի պաշտպան» (կազմակերպությունների համար), «Լավագույն հայկական կրթօջախ», «Լավագույն  երիտասարդական ծրագիր», «Էրեբունի -Երևան 2800» և «Սարդարապատից–Արցախ» մանակապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ:

Հիշեցնենք, որ հայտադիմումները հնարավոր է ներբեռնել www.mindiaspora.am նախարարության պաշտոնական կայքէջից կամ www.hayernaysor.am էլեկտրոնային պարբերականից, լրացնել, ստորագրել և կա՛մ համայնքային/երիտասարդական կազմակերպության, կա՛մ եկեղեցու, կա՛մ կրթօջախի կողմից տրված երաշխավորագրի հետ միասին ուղարկել gitakrtakan.diaspora@yandex.rugitakrtakan.diaspora@gmail.com, books.diaspora@gmail.com,mshakuyt.diasopora@mail.ru էլեկտրոնային հասցեներին:

Scroll Up