Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Վիեննայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ

Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ավստրիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Վիեննայի հայ համայնքի կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ նշել է, որ Վիեննայի հայ համայնքը աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ, համայնքային կառույցները սերտորեն համագործակցում են Սփյուռքի նախարարության հետ, մասնացում նախարարության ծրագրերին:
Ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության ողջ ընթացքը՝ նախարարն անդրադարձել է հայկական սփյուռքի առանձնահատկություններին, զարգացման շրջափուլերին, ներկա խնդիրներին ու մարտահրավերներին: «ՀՀ Նախագահի կողմից նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանն ու ազգային ինքնության պահպանմանը, Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման նպատակով նպաստել հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, մշակել և իրականացնել հայրենադարձությունը խթանող ծրագրեր: Նախարարության ծրագրերի մեծ մասն ուղղված են Սփյուռքում հայ ինքնության, մայրենիի, հայկական մշակույթի պահպանմանը: Հայկական ներուժի համախմբման նպատակով գործում են մի շարք համահայկական մասնագիտական ընկերակցություններ՝ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիան, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Իրավաբանների համահայկական խորհրդաժողովը, «Հայկական առևտրային ցանց» կազմակերպությունը, Հայ բժիշկների միջազգային կոմիտեն, Հայ ոսկերիչների ասոցիացիան, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցությունը և այլն, որոնց հետ նախարարությունը պարբերաբար գումարում է համաժողովներ, անցկացնում գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ: Ընկերակցությունների անդամները սերտորեն համագործակցում են, աշխատում միասին, համատեղ ծրագրեր իրականացնում»,-նշեց Սփյուռքի նախարարը և հավելեց, որ մյուս ռազմավարական խնդրի՝ հայրենադարձության խթանման համար նախարարությունը մշակում է համապատասխան օրենքի նախագիծ, ռազմավարություն և ծրագիր:
Ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունքները՝ Սփյուռքի նախարարը հատկապես կարևորել է. «Այսօր Սփյուռքը դարձել է հայաստանակենտրոն, ստեղծվել են Հայաստան-Սփյուռք գործակցության իրավական հիմքերը, գործընկերային կապեր են հաստատվել գրեթե բոլոր համայնքների և համահայկական կառույցների հետ, կնքվել են պայմանագրեր, մշակվել, իրականացվել և շարունակվում են հաջողությամբ իրականացվել նախարարության 26 ծրագրեր, որոնց մի մասը իրականացվում է սփյուռքյան կառույցների հետ համատեղ: Ընդլայնվել են ծրագրերին մասնակցության աշխարհագրությունը և մասնակիցների թիվը: Ստեղծվել են համահայկական մասնագիտական ընկերակցություններ, պատրաստվել են սփյուռքագետներ, հետազոտվել են Սփյուռքի հիմնախնդիրները: Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրեր (կրթական, մշակութային, երիտասարդական և այլն) դարձել են համահայկական և ձեռք են բերել սփյուռքյան բաղադրիչ»:
Հանդիպման մասնակիցների հետ նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցել է նաև Հայաստանում ներդրումային քաղաքականության, առկա արդյունքների, զբոսաշրջության զարգացման մասին, ներկայացրել է սիրիահայերի հետ տարվող աշխատանքները, իրականցվող ծրագրերը:
«Այսօր անհանար է չնկատել, որ Հայաստանը զարգանում է, հզորանում, որ մեր Երևանը դարձել է եվրոպական քաղաք: Մեր անկախ Հայաստանն ընդամենը 27 տարեկան է՝ երիտադարդական ավյունով, բայց նաև փորձառու: Մենք բռնել ենք զարգացման ուղին և հաստատակամ առաջ ենք գնում»,-նշեց Սփյուռքի նախարարը:
Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն հայտնեցին նախարար Հրանուշ Հակոբյանին ծավալուն ելույթի և սպառիչ պատասխանների համար: