Հանդիպում սփյուռքահայ ուսանողների հետ

Փետրվարի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում համալսարանի սփյուռքահայ ուսանողների հետ: Հանդիպմանը  ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյունը Աթոյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը «Սփյուռքահայ ուսանողների  խորհուրդ» ՈւՀԿ-ի (ՍՈՒԽ) հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է ՍՈւԽ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արփի Պետրոսյանը, Սամվել Մկոյանը ներկայացրեց 2010 թվականից մինչ օրս ՍՈՒԽ-ի կատարած աշխատանքները: Այս տարիների ընթացքում ՍՈՒԽ-ը կազմակերպել է ավելի քան 300 ծրագրեր, դասընթացներ, սեմինարներ, մշակութային հանդիպումներ, համերգներ և շատ այլ միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում ուսանողները խոսեցին ուսման ընթացքում իրենց ունեցած դժվարությունների մասին: Վ. Մելիքյանը, ռեկտոր Կ. Աթոյանը նշեցին, որ ուսանողները ցանկացած  հարցով կարող են դիմել նրանց, որպեսզի հնարավորինս արագ լուծում տրվեն առաջացած խնդիրներին: «Մենք միշտ փորձել ենք բոլոր ուսանողներին ցանկացած հարցում օգնել, բայց այսուհետ կաշխատենք ավելի հետևողական լինել սփյուռքահայ ուսանողների խնդիրներին»,- ասաց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը:

Սա ՀՀ սփյուռքի նախարարության և  ՍՈՒԽ-ի ներկայացուցիչների այս տարվա առաջին հանդիպումն էր սփյուռքահայ ուսանողների հետ: Առաջիկայում նախատեսվում է այցելել Հայաստանի բոլոր բուհեր:

Scroll Up