ԱՄՆ Կոլորադո նահանգում հայկական շաբաթօրյա դպրոց է բացվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/կոլորադո-300x225.jpg)
Օտարության մեջ գտնվող հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու, ուծացման վտանգից զերծ պահելու նպատակով ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի հայկական համայնքում 2017 թվականի նոյեմբեր ամսին շաբաթօրյա դպրոց է բացվել:
Դպրոցն ունի 4-16 տարեկան քառասուն աշակերտ, որոնց հայոց լեզու և հայրենագիտություն է դասավանդվում: Առաջիկայում նաև հայկական պար կուսուցանվի: Դպրոցի տնօրենը Ռուզաննա Ավետիսյանն է:
Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Գայանե Զաքարյանը, համայնքի աջակիցների օգնությամբ գործող կրթօջախում ամեն ջանք գործադրում են՝ աշակերտներին հայկական պատմությանը, մշակույթին ծանոթացնելու և հայոց լեզի պահպանման ուղղությամբ:
«Ծնողներն իրենց երեխաներին մեծ ոգևորությամբ են մեզ մոտ բերում հայերեն սովորելու, քանի որ մտահոգ են նրանց ինքնության խնդրով: Նույնիսկ այն ծնողները, որոնք օտարազգի են: Վերջիններս ամուսնացած լինելով հայերի հետ՝ փորձում են իրենց երեխաներին մոտ պահել հայկական արմատներին»,-նշեց Գայանե Զաքարյանը:
Արդեն հասցրել են երկու միջոցառում կազմակերպել՝ նվիրված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին և «Ա» տառի հանդիսավոր բացմանը: Ամանորյա հանդեսին ներկա են եղել Կոլորադոյի հայկական կազմակերպության (AOC) ներկայացուցիչները, համայնքային անդամներ, ծնողներ և այլ հյուրեր:
Հավելենք նաև, որ առաջիկայում ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ Սփյուռքի հայկական կրթօջախներին ուսումնական գրականություն և օժանդակ նյութեր տրամադրելու ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերի Կոլորադոյի հայկական նորաբաց շաբաթօրյա դպրոցին: