Հայրենադարձ արվեստագետի ոգեշնչման աղբյուրը Երևանն է

«Հայերն այսօր»-ի զրուցակից, Կանադայից հայրենադարձված ճարտարագետ, մինիմալիստ, արվեստագետ, քանդակագործ ԳևորգՋորջ Քասսաբյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1963թ. ավարտել է Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյանի և Գալուստ Գյուրբենկյանի անվան ավագ դպրոցը, 1967 թվականին` Բրիտանական ուսուցողական ինստիտուտի Ճարտարագիտություն բաժինը, 1969 թվականին` Տորոնտոյի համալսարանի Համակարգչային ծրագրավորում բաժինը, իսկ 1973 թվականին` Արևմտյան Օնտարիոյի համալսարանի գեղարվեստի բաժինը:

Հալեպից Կանադա տեղափոխված ԳևորգՋորջ Քասսաբյանն այնտեղ 30 տարեկանում է ստացել մասնագիտական կրթություն: Աշխատանքների առաջին ցուցադրությունը Կանադայում իրականացրել է 1973թ., իսկ Հայաստանում՝ 2004թ.: Նրա անհատական և խմբակային ցուցադրությունները տեղի են ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում՝ Դամասկոսում, Բեյրութում, Տորոնտոյում, Լոնդոնում, Բեռլինում և այլուր: 1975 թվականից Կանադայի քանդակագործների հասարակության անդամ է, Կանադայի 10 լավագույն մինիմալիստներից մեկը:

Գևորգ Քասսաբյանի աշխատանքները զարդարում են աշխարհի համալսարանները, հյուրանոցները, հիվանդանոցներն ու  թանգարանները:

 

-Արվեստն ինձ համար լիցքաթափվելու լավագույն  միջոցն է…

-Երբ եկա Հայաստան, տուֆը շոշափելով հասկացա, որ դրա վրա պետք է հոգի ստանամ. 1970-ականներին Կանադայում արված գծանկարներ ունեի, դրանցից տարբեր նյութերով քանդակներ էի արել, բայց հոգեկան աուրայի հետ կապ չկար: Նույն հոգեվիճակում հայտնվում եմ մարդկանց հետ շփվելիս. նախ հաշվի եմ առնում անձի հետ ունեցած իմ հոգևոր կապը, հաղորդակցվելու ընդհանուր եզրեր գտնելու հանգամանքը, նոր տվյալ մարդուն ինձ մոտ եմ թողնում: Իսկ շրջապատի համար բացասկան էներգիա ունեցող մարդկանցից, պարզապես, խուսախում եմ: Ես փորձում եմ արևի սիրո էներգիան վերցնել և փոխանցել  շրջապատիս մարդկանց:

Երևանում ապրելու ու ստեղծագործելու համար մի շատ պարզ պատճառ կա՝ ժամանակն այստեղ չի վազում: Երևանն իմ ոգեշնչման աղբյուրն է: Կարող եմ երկար նստել մայթին, սրճարանում ու նոր մտքեր ստացած՝ ստեղծագործել:

Խոսք էի տվել հիսուն տարեկանից հետո միայն արվեստով զբաղվել, որն ինձ համար լիցքաթափվելու լավագույն միջոցն է: Աշխատող մարդ եմ, երբեք չեմ կարող անգործ մնալ: Տարիների կատարած բոլոր աշխատանքները, կարելի է ասել, մեծ սիրով եմ արել. միայն ժամանակի ու տարածության մեջ ես զգում, թե այդ զբաղմունքներից  որն է քեզ համար առավել հոգեհարազատ դարձել:

-Լիարժեք կյանքով ապրելու համար ինչ-որ բան թերի էր թվում…

-Նախ ասեմ, որ Հայաստան առաջին անգամ եկել եմ 1989 թվականին: Հայաստանի համար այնքան էլ լավ ժամանակաշրջան չէր. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս էր անցել, մարդիկ դեռ չէին սթափվել, իսկ Երևանում՝ Ղարաբաղյան շարժումն էր սկսվել: Տպավորություններս ու զգացողություններս հակասական էին: Սակայն հասկացա, որ մարդկանց գիտակցությունն էր արթնացել, նրանք միասնաբար պայքարում էին իրենց ազատության ու ընդհանուր գաղափարների համար, որից շատ ոգևորվեցի:

Ապա 1998 թվականին ընտանիքիս հետ զբոսաշրջության նպատակով եկա: Երեխաներս շատ կապվեցին Հայաստանին, գնալու վերջին օրը լացելով էին հավաքում ճամպրուկները, չէին ուզում վերադառնալ:  Երբ նրանց հարցրեցի արդյոք կուզեին վերջնականապես Հայաստան տեղափոխվել, հաստատակամորեն՝ այո՛, պատասխանեցին: Վերադառնալով Կանադա՝ մեր ուշքն ու միտքը Հայաստանում էր, կարծես՝ լիարժեք կյանքով ապրելու համար ինչ-որ բան թերի էր մեզ թվում: Վաճառելով ամբողջ ունեցվածքը՝ 1999 թվականին մեր հայացքը նորից դեպի Հայրենիք ուղղեցինք:

Յոթ տարի մնալուց հետո վերադարձանք Կանադա, քանի որ երեխաներս այնտեղ պետք է համալսարան հաճախեին, չնայած աղջիկս Հայաստանում երեք տարի Եվրոպական համալսարանում է սովորել: Ապա կրկին Հայաստան վերադարձանք, որտեղ արդեն ամուր հիմքեր ենք գցել, բնակարաններ գնել:

2000 թվականին Երևանում գիտական կենտրոն եմ բացել, որտեղ գիտնականների և տեխնոլոգների խումբը բարձր տեխնոլոգիաների լաբորատոր աշխատանքներ էր կատարում:

Մեր վերջին հանգրվանը Հայաստանում է…

-Վերադառնալուց հետո ազգային պատակնելության զգացումով լցվեցինք, հասկացանք՝ ամուր հիմքերով ենք կանգնած սեփական հողի վրա, որից մեծ ուժ ստացանք: Այն ճիշտ նման էր Փավստոս Բուզանդի՝ «Արշակ և Շապուհ» ավանդազրույցի հայտնի պատմությանը:

Կինս 2006 թվականին ուսումը շարունակելու նպատակով կրկին Կանադա վերադարձավ, այժմ էլ այնտեղ է աշխատում: Երեխաներս էլ Հայաստանում չեն ապրում: Սակայն հաճախ են գալիս, միասին ճամփորդության ենք մեկնում եվրոպական տարբեր երկրներ:

Հայաստանը միայն զբոսավայր կամ ծերություն անցկացնելու տեղ չէ. պետք է բոլորս քաջ գիտակցենք այն մասին, որ, միևնույն է, որտեղ էլ գնանք, մեր վերջին հանգրվանը Հայաստանում է: Հատկապես երիտասարդները՝ պետք է իրենց փորձառությունը, գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ծառայեցնեն՝ ի շահ Հայաստանի զարգացման:

Այստեղ մարդիկ ջերմ են ու բարեհամբույր. կարող ես ցանկացած ժամանակ զանգահարել հարազատներիդ և ընկերներիդ՝ նրանց մեկ գավաթ սուրճ խմելու հրավիրելու և մտերմիկ զրուցելու, որից կարող ես հոգեկան հանգստություն ստանալ: Նման բան չես կարող քեզ թույլ տալ ո՛չ Ամերիկայում, ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ուրիշ մեկ այլ երկրում:

-Հայն ու Հայաստանը…

-Հայաստանում, նախորդ տարիների համեմատ, դրական շատ փոփոխություններ են տեղի ունեցել. մեր երկիրն ավելի զարգացած և բարեկարգ է դարձել: Հատկապես ՏՏ ոլորտն է  բավականին զարգացել, մեծ նվաճումներ ունենք այստեղ:

 Առհասարակ, հայն աշխատասեր, տաղանդավոր ու պրպտող է: Մեզ միայն մնում է ավելի համախմբված լինել, միմյանց հավասար աչքով նայել և մտածել ազգային շահի մասին: Վստահ եմ՝ այս դեպքում հաստատ կհաջողենք: Շատ եմ սիրում մեր նպատակասլաց ու խելացի հայ երիտասարդներին: Նրանց հետ հաճախակի շփվելու  առիթներ ունենում եմ և մեծ բավականություն  ստանում:

Չի կարելի մտածել Հայաստանը լքելու մասին, այլև պետք է մնանք, պայքարենք շենացնենք և միասին կերտենք մեր երկիրը: Եթե նույնիսկ մեր հայրենակիցները որոշում են գնալ, ապա հորդորս է ծնողներին՝ հետևեն իրենց երեխաների հայերեն խոսելուն, որպեսզի պահպանեն ազգային դիմագիծն ու չկտրվեն արմատներից:

Գևորգ Չիչյան

Scroll Up