Լիբանանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/լիբանան3.jpg)
Լիբանանի նախագահ Միշել Աունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Լիբանանի նախագահին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Լիբանանի նախագահը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև Միշել Աունը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում, ինչպես նաև արծաթափայլ եղևնի տնկեց Հիշատակի ծառուղում:
«Այն, ինչ ես տեսա այս թանգարանում, սարսափելի պատկերներ էին և շոշափելի վկայություններ, որոնք փաստում են հայ ժողովրդի պատմության արյունոտ ժամանակաշրջանի մասին: Սարսափելի ջարդերը, որոնք աննախադեպ են, հորդորում են ինձ ընդգծել այն ամենը, ինչ պետք է արվի հիշողության բյուրեղացման և արդարության վերականգնման համար, կեղծիքի նկատմամբ արդարության հաղթանակի համար: Իմ խորին հարգանքը վեհանձն հայ ժողովրդին, որը, չնայած ցավին ու տառապանքներին, կարողացավ հպարտության արժանի հայրենիք կառուցել և համալրել հինավուրց քաղաքակրթության ժառանգությունը ավելի լավ ապագա կերտելու ճանապարհին»,- գրել է Լիբանանի նախագահ Միշել Աունը: