«Լեզուն ազգային ինքնության, ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է». Դավիթ Սարգսյան

Մայրենին ոտնձգություններից, աղավաղումներից զերծ պահելը միայն տոնի մեկօրյա շրջանակներում չպետք է սահմանափակվի. այս մասին են իմ հարցազրույցների և մեր հանրապետությունում լեզվի հարցերով մտահոգված մարդկանց մտորումներն ու կարծիքները: «Հայերն այսօր»-ի համար գրած իր սրտացավ հոդվածում հայոց լեզվի արդի իրավիճակի անդրադարձն ու իր մտահոգություններն է ներկայացրել նաև մերօրյա ճանաչված մտավորականներից մեկը՝ գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը: 

Ակամայից հետևում եմ ֆեյսբուքյան գրառումների, պաշտոնական բարձրաստիճան անձանց, քաղաքական-հասարակական գործիչների, ինչու ոչ, նաև շատ մտավորականների, հեռուստաեթերի, գովազդների, հայկական կինոնկարների գրավոր և բանավոր խոսքին, գրագիտության, ավելի ճիշտ՝ ծայրահեղ անգրագիտության, օտարաբանությունների, ժարգոնի, ուղղագրության մակարդակին և սահմռկում: Եթե համատարած անգրագիտության հաղթարշավը չկասեցվի, համապատասխան մարմինները միջոցներ չձեռնարկեն առաջիկայում մեր մայրենի ոսկեղենիկ, չնաշխարհիկ գրական հայերենը կդասվի մեռած լեզուների շարքին կամ կվերածվի մեկ այլ լեզվի, որտեղ կթափանցեն և սպառնալի չափերի են արդեն հասնում օտարաբանությունները, տգետ շարադասությունը, մի խոսքով՝ մտավոր թերմացքը…

Այս առումով խիստ կարևոր է մայրենիի նկատմամբ պետական հոգածության անհրաժեշտությունը, որն արտահայտվում է Մայրենիի տոնի ամենամյա, սակայն մեկօրյա ուշադրությամբ: Մինչդեռ այն պետք է դարձվի ամենօրյա, պետք է անզիջում և հետևողական պայքար, պետք է հանրային պարսավանքի ենթարկվեն հատկապես նրանք, ովքեր հանրության առջև առավել հաճախ են հանդես գալիս իրենց գռեհկաբանություններով և լեզվական խեղումներով, հարկ եղած դեպքում՝ անվանական: Թվում է, թե նման խնդիր չպետք է ծագեր հատկապես մեր պարագայում, քանի որ մենք չենք միայն, որ բազմիցս արժևորել ենք հայերենի լեզվական հարստությունը, ճկունությունը և գեղեցկությունը: Նրան հարազատ մնալը վկայում է նաև այն կիրառողի մարդկային որակների մասին: Կարծում եմ, որ հանրակրթարաններում (որտեղ ցանկալի է ոչ միայն արևելահայերենի, այլև արևմտահայերենի, մասնագիտացված դպրոցներում՝ նաև գրաբարի դասավանդումը) գրագիտություն սերմանելուն զուգընթաց անհրաժեշտ է ընտանեկան, ընկերական միջավայրում խոսքի գրագիտությանն ու վայելչությանը նախանձախնդիր լինելը:

Լեզուն նաև դաստիարակում է մարդուն, նրա հոգեբանությունը, մտածողությունը, քաղաքացիական կեցվածքը: Այն ազգային ինքնության, հետևաբար ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, առանց որի, կամ այն խեղելով ամենատարբեր ոլորտներում և միջավայրերում, մենք կհեռանանք մեր ազգային դիմագծին բնորոշ ամենից էական հատկանիշներից՝ վտանգելով մեր տեսակը:

 Հայոց լեզվի մաքրությանն ուղղված պետք է լինի համայն հայության ուշադրությունը, նախանձախնդիր պետք է լինեն բոլոր ոլորտների պատասխանատուները, հասարակության բոլոր շերտերը՝ անկախ գրաված դիրքից և մասնագիտությունից, որպես առաջնահերթություն իրենց ամենօրյա գործունեության ընթացքում, ամենուր դիտարկելով այն ոչ միայն որպես հաղորդակցության պարզ միջոց, այլև՝ ազգային արժանապատվության և մարդկային որակի չափորոշիչ, որպես ինքնարտահայման և միասնական դիրքորոշման գրավական:

Երազում եմ նման գրագետ և քաղաքակիրթ, սեփական և ազգային արժեքների հանդեպ խոնարհումով և երկյուղածությամբ վերաբերող հասարակության մասին, և, լավատեսությամբ ու հավատով, շնորհավորում բոլորիս Մայրենիի օրվա առթիվ…

Դավիթ Սարգսյանի այս լավատեսությամբ ու հավատով էլ սպասում ենք Մայրենիի առավել արժևորման այն բաղձալի օրվան, երբ մեր մարգարտաշար հայոց լեզուն կլինի բոլորի հոգածության կենտրոնում, երբ մեր կյանքի ամենից կարևոր ոլորտները կմաքրվեն աղվաղված, ժարգոնախառն, օտարաբառ հայերենից, երբ զանգվածային բոլոր լրատվամիջոցները անթերի հայերենով խոսելու ու գրելու օրինակ կդառնան, երբ  հայ ընտանիքը աշխարհի բոլոր ծագերում աչքի լույսի պես կպահպանի մեր ամենասուրբ նշխար հայերենը:

 Կարինե Ավագյան

Scroll Up