Իրանահայ ճարտարագետը որոշել է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնել
ԱՄՆ-ում բնակվող իրանահայ ճարտարագետ Արմեն Սագինյանը «Հայերն այսօրի»-ի հետ զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստան է եկել ներդրումային երկու ծրագիր իրականացնելու նպատակով: Առաջին գաղափարը վերաբերում է Իրանի սահմանին՝ Մեղրիի շրջակայքում, զվարճանքների ընդգրկուն համալիր կառուցելուն՝ ժամանցի համար նախատեսված բոլոր պայմաններով՝ ռեստորաններով, սրճարաններով, կինոթատրոններով հագեցած, նույնիսկ հնարավոր է համալսարան կառուցվի: Մարդիկ, այցելելով ինքնատիպ այդ «քաղաք», կկարողանան լիարժեք հանգստանալ ընկերների կամ ընտանիքի հետ:
Հաջորդը վերաբերում է Երևանում աղբի թափոնների խնդրին: Ճարտարագետն առաջարկում է համապատասխան տեխնոլոգիաներ ունեցող հատուկ գործարան ստեղծել, որտեղ հնարավոր կլինի թափոնները վերամշակելուց հետո օգտակար և կարևոր նյութերն առանձնացնել՝ դրանք հետագայում շրջակա միջավայրում կիրառելու համար:
«Մեր առաջին ներդրումային նախաձեռնությամբ ցանկանում ենք խթանել Հայաստանի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի բացմանը և զբոսաշրջության աշխուժացմանը, որի միջոցով մեր պետությունն օտարազգիների կողմից ավելի ճանաչելի կդառնա»,-նշեց Արմեն Սագինյանը՝ հավելելով, որ վերոնշյալ ծրագրերը փորձելու է կյանքի կոչել գաղափարակից ընկերների հետ՝ համատեղ ուժերով իրենց հնարավորությունների սահմանում ապահովելով Հայաստանի առաջընթացը:
Արմեն Սագինյանն այս առնչությամբ տարաբնույթ քննարկումներ է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պաշտոնատար այլ անձանց հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը:
«Հոգիս խաղաղվում է այսպիսի ազգանպաստ գործունեություն սկսելու համար: Պետք է մեզանից յուրաքանչյուրն ակտիվ ներգրավված լինի Հայրենիքի շենացման գործին՝ ի շահ հայ ժողովրդի: Հուսով եմ՝ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա, և առաջիկայում կազդարարենք մեր աշխատանքների մեկնարկը»,- ընդգծեց Արմեն Սագինյանը:
Հավելենք, որ Արմեն Սագինյանը ծնվել է 1933 թվականին՝ Թավրիզում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Թեհրան: Ծնողների ամուսնալուծությունից հետո երեխային խնամել է մայրը: Սակայն երկու տարեկան տղային կյանքի նոր ծանր հարված է բաժին հասնում. մահանում է մայրը՝ նրան թողնելով տատիկի դաստիարակության և հոգածության ներքո:
Այնուհետև Արմեն Սագինյանը 1955թվականին գնում է ԱՄՆ, որտեղ աշխատում է որպես ֆերմեր (ագարակատեր), վարպետ, վարսավիր և ուսուցչի օգնական:
Սովորել է Մերիվիլ քոլեջի մաթեմատիկայի բաժնում, Թենեսիի համալսարանի մեխանիկայի ճարտարագիտության բաժնում, ապա ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը:
Տարիներ շարունակ աշխատել է օդ-տիեզերք և ատոմային ճարտարագիտության բնագավառներում՝ «Boeing» (1961-1963թթ.), «General Dynamics», «Rocketdyne» (1963թ.) և «Garrett-Air Research» (1965-1979) ընկերություններում, 1998թվականին՝ «New Horizons»-ի գործադիր տնօրենն է եղել:
Արմեն Սագինյանի ամենամեծ նախագիծը եղել է Իրանի 66 հազար գյուղերի համար նախատեսված վերաբնակեցման՝ բարգավաճման և վերանորոգման ծրագրի շրջանակներում, որը, սակայն, Իրանի իսլամական հեղափոխության պատճառով չի իրականացվել:
Տիրապետում է մի շարք լեզուների, զբաղվում է հետազոտական, թարգմանչական ու խմբագրական աշխատանքներով, գրքերի հեղինակ է:
Գևորգ Չիչյան