ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրանահայ ճարտարագետ Արմեն Սագինյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/IMG_1548.jpg)
Փետրվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ում բնակվող իրանահայ ճարտարագետ Արմեն Սագինյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ազգասիրական գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ նրա նոր նախաձեռնություններին ու ծրագրերին:
Քննարկվեցին Հայաստանի տնտեսության զարգացմանը, զբոսաշրջության աշխուժացմանն ուղղված ներդրումային նախագծեր, նախանշվեցին դրանց իրականացման ուղիներն ու հնարավորությունները:
Արմեն Սագինյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ խիստ կարևորում է Հայաստանի դերը՝ որպես գիտության, կրթության, մշակույթի և նորագույն տեխնոլոգիաների ներդրման տարածաշրջանային կենտրոն: «Ամեն ջանք պետք է ներդնել, որ նախագծերն իրական ու գործուն ծրագրեր դառնան», – հավաստիացրեց իրանահայ ճարտարագետը:
Նա 1955թ. տեղափոխվել է ԱՄՆ, սովորել է Թենեսիի համալսարանի մեխանիկայի ճարտարագիտության բաժնում, 1973թ. ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը: Տարիներ շարունակ Սագինյանն աշխատել է օդային, տիեզերական և ատոմային ճարտարագիտության բնագավառներում՝ Boeing, General Dynamics, Rocketdyne և Garrett-Air Research ընկերություններում, 1998թ.-ից New Horizons-ի գործադիր տնօրենն է: