ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրանահայ ճարտարագետ Արմեն Սագինյանին

Փետրվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ում բնակվող իրանահայ ճարտարագետ Արմեն Սագինյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ազգասիրական գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ նրա նոր նախաձեռնություններին ու ծրագրերին:

Քննարկվեցին Հայաստանի տնտեսության զարգացմանը, զբոսաշրջության աշխուժացմանն ուղղված ներդրումային նախագծեր, նախանշվեցին դրանց իրականացման ուղիներն ու հնարավորությունները:

Արմեն Սագինյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ խիստ կարևորում է Հայաստանի դերը՝  որպես գիտության, կրթության, մշակույթի և նորագույն տեխնոլոգիաների ներդրման տարածաշրջանային կենտրոն: «Ամեն ջանք պետք է ներդնել, որ նախագծերն իրական ու գործուն ծրագրեր դառնան», – հավաստիացրեց իրանահայ ճարտարագետը:

Նա 1955թ. տեղափոխվել է ԱՄՆ, սովորել է Թենեսիի համալսարանի մեխանիկայի ճարտարագիտության բաժնում, 1973թ. ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը: Տարիներ շարունակ Սագինյանն աշխատել է օդային, տիեզերական և ատոմային ճարտարագիտության բնագավառներում՝ Boeing, General Dynamics, Rocketdyne և Garrett-Air Research ընկերություններում, 1998թ.-ից New Horizons-ի գործադիր տնօրենն է:

Scroll Up