Սփյուռքի նախարարը մասնակցեց ամերիկահայ հայագետ Գևորգ Բարդակչյանի 75 ամյակին նվիրված միջոցառմանը և գրքի շնորհանդեսին

Հունվարի 29-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպված ամերիկահայ ճանաչված հայագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գևորգ Բարդակչյանի ծննդյան 75 ամյակին նվիրված միջոցառմանը և  նրա «Պատմաբանասիրական հոդվածներ» աշխատության շնորհանդեսին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Շնորհավորելով հոբելյարին՝ նա նշեց, որ անվանի հայագետը այն բացառիկ սփյուռքահայ գիտնականներից է, որ մշտապես կապված է հայրենիքին և մեծապես նպաստել է Հայաստանի գիտակրթական համակարգի զարգացմանը, անգլիախոս հասարակությանը ներկայացրել է հայոց պատմությանն ու գրականությանը վերբերող աշխատություններ, ղեկավարել և իր գործուն մասնակցությունն է բերել մի շարք հայագիտական միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության գործունեությանը:

Շնորհավորելով վաստակաշատ գինականին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  բարձր գնահատեց Գևորգ Բարդակչյանի գործունեությունը և մասնավորապես ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ կրկին հավաքվել ենք գիտության այս կաճառում՝ ներկա լինելու  հայագետ, բազմաթիվ արժեքավոր աշխատությունների հեղինակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ՝ դոկտոր-պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանի 75-ամյակին նվիրված միջոցառմանը  և «Պատմաբանասիրական  հոդվածներ»  ժողովածուի շնորհանդեսին: Գևորգ Բարդակչյանի կենսագրությունն ու 75 տարիների անցած ուղին տպավորիչ է: Այն անցնում է Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա, այնուհետ ԱՄՆ և լի է մասնագիտական ու, հատկապես, հայագիտական ուսումնասիրություններով, բացահայտումներով, հայոց պատմությունն ու հայ գրականությունը աշխարհին ճանաչելի դարձնելու դժվարին առաքելությամբ: Կարծում եմ՝ այս հայագիտական ուղին ստեղծվեց շնորհիվ պարոն Բարդակչյանի որոշման. գալ և ուսանել Խորհրդային Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետում, լինել սանը Ջահուկյանի, Բարսեղյանի, Մկրյանի: Այս մեծանուն մասնագետների ուսանողը հետագայում իր գիտելիքներով փայլեց Օքսֆորդի համալսարանում՝ որպես ուսանող, իսկ Հարվարդի համալսարանում արդեն՝ որպես դասախոս և մատենագետ: Այսօր էլ Միչիգանի համալսարանի ուսանողները նրա շնորհիվ ծանոթանում են հայոց, հայ գրականությանը, մշակույթին, Հայաստանյայց եկեղեցու պատմությանը»:

Բարձր գնահատելով ամերիկահայ գիտնականի  ներդրումը Սփյուռքում հայագիտության զարգացման և մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում՝ Սփյուռքի նախարարը Գևորգ Բարդակչյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

Հայագետին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շնորհավորական խոսքը փոխանցեց ռեկտորի տեղակալ Արարատ Մալխասյանը:

Վաստակաշատ հայագետին շնորհավորեցին նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեվրիկյանը և այք:

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Գևորգ Բարդակչյանը:

Scroll Up