«Իմ ընտանիքը երախտապարտ է Ավստրալիային». Գլեդիս Բերեջիկլյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/01/gledis.jpg)
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է, որ իր հայկական ընտանիքը մեծ հարգանքով և երախտագիտությամբ է վերաբերվում Ավստրալիային և այդ երկրի ազգային խորհրդանիշերին:
«Իմ հայրը դեռևս ամեն օր Ավստրալիայի դրոշը բարձրացնում է մեր ընտանիքի տան բակում: Որպես նախկին հայ գաղթական՝ սա հնարավորություն է՝ շնորհակալություն ասել այն երկրին, որն ընդունել է իրեն», – Rusarminfo.ru-ի փոխանցմամբ, Բերեջիկլյանի խոսքերն է մեջբերում «The Australian» պարբերականը` հատվածներ հրապարակելով նրա ելույթից այն մասին, թե ինչու է այդքան կարևոր Նոր Հարավային Ուելս նահանգում հունվարի 26-ը որպես Ավստրալիայի օր տոնելը:
Գլեդիս Բերեջիկլյանը ընդգծել է նաև, որ ինքը և իր քույրը մեծացել են մի ընտանիքում, որտեղ միշտ հպարտացել են իրենց հայկական արմատներով և միևնույն ժամանակ չափազանց շնորհակալ եղել Ավստրալիային խաղաղության և բարեկեցության պայմաններում ապրելու հնարավորության համար:
Ավելի վաղ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել էր, որ շնորհակալ է Քըրք Քըրքորյանին «Խոստումը» ֆիլմի համար: