Սելինա Դողանը պահանջել է Թուրքիայի կրթության նախարարությունից միջոցներ ձեռնարկել ներգաղթյալ սիրիահայ երեխաների հայեցի կրթության համար

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը գրավոր պահանջ է ներկայացրել Թուրքիայի կրթության նախարարություն՝ խնդրելով լուծում տալ երկրում բնակվող սիրիահայ ներգաղթյալ երեխաների հայեցի կրթության խնդրին, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Դողանը նշել է, որ սիրիացի ներգաղթյալների կրթությամբ զբաղվող ժամանակավոր վարչությունն ըստ առկա օրենքի սիրիահայ երեխաներին արաբ և քուրդ ներգաղթյալների պես ուղղորդում է թուրքական պետական դպրոցներ, մինչդեռ Ստամբուլում կա գործող 16 հայկական հատուկ դպրոց, որոնք այսօր չեն կարողանում ընդունել այդ աշակերտներին՝ Թուրքիայում փոքրամասնություններին պատկանող դպրոցներ ընդունվելու առկա սահմանափակ կարգի պատճառով:

Ստամբուլի հայկական դպրոցներ կարող են ընդունվել միայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող քրիստոնյա հայ ընտանիքների երեխաները, որոնք ներկայացնում են Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից տրամադրված մկրտության վկայական:

Մյուս կողմից, եթե սիրիահայ երեխաները գնան հայկական դպրոց և մասնակցեն դասերին որպես հյուր-աշակերտ, չեն կարողանա ստանալ միջնակարգ կրթության մասին համապատասխան վկայական:

Հայազգի պատգամավորը նշել է, որ պետության կողմից սահմանված օրենքի շրջանակում պետական դպրոցներ ուղարկվող սիրիահայ երեխաներն արդյունքում ստիպված են սովորել ու մեծանալ իրենց համար օտար մշակույթի մեջ: Պատգամավորը կարծում է, որ համապատասխան պետական կառույցները պարզապես հաշվի չեն առել, որ սիրիացի ներգաղթյալների թվում միայն մահմեդականներ չեն, քրիստոնյաներ էլ կան:

Scroll Up