Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված «Ազդակ»-ի բացառիկ համարի շնորհանդեսը կկայանա նաև Երևանում
Լույս է տեսել Լիբանանի «Ազդակ» օրաթերթի 2018 թվականի բացառիկ համարը, որի առանցքում անցած տարվա կարևոր իրադարձություններին նվիրված ամփոփիչ նյութեր են և նախանշային թեմաներ` 2018 թվականին վերաբերող: ««Ազդակ»-ի բացառիկ համարը Ամանորի առիթով հրատարակված հերթական, արդեն ավանդույթ դարձած հրատարակությունն է: Նյութերն ունեն պատմաքաղաքական, տեղեկատվական, վերլուծական ուղղություններ: Բնականաբար, ներառված են հայաստանյան, արցախյան և սփյուռքյան ամենակարևոր իրադարձությունները: Հատկանշական է նաև աշխատակիցների աշխարհագրությունը: Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Լիբանանից և Սփյուռքի տարբեր շրջաններից հեղինակներ տարաբնույթ թեմաներով իրենց մասնակցությունն են բերել «Բացառիկ»-ի կայացմանը, ինչը նաև համահայկական նշանակություն է հաղորդում համարին»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Առաջիկայում սպասվում է ևս մեկ «Բացառիկ համար»-ի հրատարակություն: Արցախյան շարժման 30-ամյակի առիթով «Ազդակ»-ը Արցախի «Ապառաժ» պարբերականի հետ միացյալ համար է թողարկելու: Ինչպես զրույցի ընթացքում նշեց Շահան Գանտահարյանը, սա այսօրինակ առաջին նախաձեռնությունը չէ, «Ազդակ»-ը նախադեպը ունի միացյալ հրատարակություններ թողարկելու: «Միացյալ բացառիկ համար ենք հրատարակել «Երկիր» շաբաթաթերթի հետ, որը մեծ ընդունելություն գտավ թե´ Հայաստանի Հանրապետությունում, և թե Սփյուռքում: Եղել են առիթներ, որ Լիբանանի մեր գործընկեր թերթերի՝ «Արարատ», «Զարթոնք», հրատարակել ենք միացյալ օրաթերթային համարներ: Արցախյան շարժման 30-ամյակը, կարծում եմ, շատ կարևոր կապակցություն ունի նաև Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի հետ՝ իբրև ժամանակակից անկախ պետականության վերականգնման գլխավոր երաշխիք: «Ապառաժ»-ի գլխավոր խմբագրի հետ մեր խորհրդակցությունները հանգեցին այս մտահղացմանը: Արդեն իսկ խանդավառ ընդառաջումներ կան թե´ Արցախից, թե´ Լիբանանից և Սփյուռքի տարբեր շրջաններից ո´չ միայն աշխատակցելու, այլ նաև տպագրվելիք հատորի օրինակներ ունենալու»,-ասաց Շահան Գանտահարյանը և հավելեց, որ «Բացառիկ համար»-ը պարունակելու է հուշագրություններ, հարցազրույցներ, վերլուծական, գաղափարախոսական հոդվածներ:
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը ևս «Ազդակ» օրաթերթի դիտակետում է:
««Ազդակ»-ը տարվա ընթացքում սովորաբար հրատարակում է երկու բացառիկ համար` Ամանորի առիթով և Ապրիլի 24-ի: Այս տարի Ապրիլի 24-ի «Բացառիկ»-ը հավելվածի ձևաչափով կհրատարակվի, քանի որ տարելիցին նվիրված հատորի տեսքով հրատարակություն ենք նախապատրաստում:
Ուրախ ենք հայտնելու, որ ՀՀ Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի հետ համագործակցաբար լույս պիտի տեսնի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված բացառիկ համար, ուր տեղ պիտի գտնեն պատմաքաղաքական, արխիվային, իրավապայմանագրային բնույթի ուսումնասիրություններ, ինչպես նաև պետականության խորհրդի մասին այժմեական հնչեղությամբ գաղափարախոսական հոդվածներ: Նախատեսել ենք այդ բացառիկ համարի շնորհանդեսը բացի Լիբանանից, կազմակերպել նաև Երևանում: Պիտի առաջարկենք, որ հայաստանյան շնորհանդեսը տեղի ունենա Սփյուռքի նախարարության կազմակերպությամբ և նախարար Հրանուշ Հակոբյանի հովանավորությամբ»,-ասաց Շահան Գանտահարյանը: