Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում Վրաստանի հայ օգնության միության կազմակերպած ամանորյա միջոցառման ժամանակ կարիքավոր ընտանիքների երեխաներին բաժանվեցին նվերներ՝ հագուստների և քաղցրավենիքի տեսքով։
Մինչև նվերների հանձնումը կազմակերպիչները երգ ու պարի միջոցով փոքրիկների համար ամանորյա տոնական ուրախ տրամադրություն ապահովեցին:
ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «ՀՕՄ Ամանոր» ծրագիրը կազմակերպվում է ամեն տարի հիմնականում ծնողազուրկ, կարիքավոր ընտանիքների, հիվանդ երեխաների համար: Ամբողջական միջոցառման շրջանակները ավելի լայն են և ընդգրկում են նաև Նինոծմինդա, Ախալցխա, Բաթում քաղաքները ևս։ Կարինե Թադևոսյանն ավելացրեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս եկեղեցին ցուցաբերեց իր աջակցությունը։
Միջոցառմանը ներկա էր նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, ով իր խոսքում նշեց, որ բացի երեխաների համար պատրաստված նվեր-քաղցրավենիքից եկեղեցին իր օրհնությունն է տալիս երեխաներին և միջոցառման առավել կարևոր մասը հենց երեխաների հետ միասին արված աղոթքն է առ Աստված։ Տեր Տաթև քահանա Մարուքյանը ավելացրեց նաև, որ եկեղեցին չի սահմանափակվում այս միջոցառմամբ և Ջավախքի տարբեր գյուղերում ևս մասնակցում է տարբեր միջոցառումների։
Երեխաներն, ովքեր այսօր ստացան նվերներ, միշտ ուշադրության կարիք ունեն և յուրաքանչյուր թեթև նվեր, նրանց օրը կարող է տոն դարձնել:
Սոնա Տոնականյան
http://jnews.ge