«Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով փառատոն Սարատովում

Նոյեմբերի 25-ին Սարատովի Ալֆրեդ Շնիտկեի  անվան ֆիլհարմոնիայի  դահլիճը մարդաշատ էր։ Կայացավ «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» փառատոնի գալա-համերգը։

Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների միջպետական համաձայնության հիման վրա՝ ըստ որի 2017թ․ նոյեմբերի 17-ից 24-ը հայտարարված էին  «Հայաստանի  մշակույթի օրեր Ռուսաստանում»:

 Քառօրյա փառատոնը կազմակերպվել էր տեղի  իշխանությունների հովանավորությամբ՝ Սարատովի մարզի «Կռունկ» հայ համայնքի  և նրա ստեղծագործական կոլեկտիվների կողմից:

Նոյեմբերի 17-ին փառատոնի բացման արարողությունը, «Հայ պարերի շունչն ու ոգին» խորագրով, տեղի ունեցավ Սարատովի ազգային մշակույթների քաղաքային տան հանդիսությունների մեծ դահլիճում և նվիրված էր պարարվեստի հնամյա   ավանդույթներին։

Երկրորդ ներկայացումը՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ին, նվիրված էր հայ  բանաստեղծական մշակույթին և գեղարվեստորեն ամփոփում էր նրա բազմադարյա ուղին՝ Վահագնի ծնունդից մինչև մեր օրերը։ Ներկայացումը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին, Սարատովի մարզային համապարփակ գիտական գրադարանի հանդիսասրահում։ Նոյեմբերի 22-ին, նույն դահլիճում, կայացավ հայ երգի հինավուրց ղողանջին նվիրված  երեկոն՝  «Անցյալի չմարող մեղեդին» խորագրով։   Նոյեմբերի 25-ին փառատոնային եռերգությունը պսակվեց վառ  գալա-համերգով, որը համընկավ Սարատովի նահանգում ՀՀ-ի Գեղարքունիքի մարզի մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորությամբ հայկական  պատվիրակության աշխատանքային այցին: Հայկական պատվիրակությունը, Սարատովի մարզի նահանգապետ Վալերի Ռադաեվի հրավերով, ներկա էր համերգին:

Բացման խոսքում նահանգապետ Վալերի Ռադաևն արտահայտեց իր խոր հարգանքը  հայ ժողովրդի նկատմամբ, որն անփոփոխ  պահպանել է իր հնագույն այբուբենն ու ավանդույթները, և նշեց՝ Հայաստանի հազարամյա պատմություն ունեցող  մշակույթը  եզակի է, իսկ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ ասաց, որ հայ պատվիրակության այս տարածաշրջանային այցի ընթացքում երկուստեք  գործընկերային հարաբերություններն ամրապնդվեցին նոր ծրագրերով ու միջոցառումներով: Իր հերթին ՀՀ-ի Գեղարքունիքի մարզի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց Վալերի Ռադաևին ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ նման միջոցառումներն  ապագայում շարունակական կլինեն:
Համերգի ընթացքում,  «Կռունկ» համայնքի ստեղծագործական կոլեկտիվների ելույթները, ներկայացված  բանաստեղծական, պարային և վոկալ համարներով, նորովի էին պատմում դարերի շնչով պարուրված հայ մշակույթի մասին և ազդարարում, որ հայ մարդը հաստատ է իր ազգի փառավոր ուղու կերտման  ցանկությամբ ու հավատով: Արտիստների հավատն իր ջերմությամբ թափանցեց   հանդիսատեսի հոգու խորքերը և հեղեղվեց հորդաբուխ ծափահարությունների   հուզիչ  ցնծությամբ։

Scroll Up