«Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով փառատոն Սարատովում

Նոյեմբերի 25-ին Սարատովի Ալֆրեդ Շնիտկեի անվան ֆիլհարմոնիայի դահլիճը մարդաշատ էր։ Կայացավ «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» փառատոնի գալա-համերգը։
Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների միջպետական համաձայնության հիման վրա՝ ըստ որի 2017թ․ նոյեմբերի 17-ից 24-ը հայտարարված էին «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում»:
Քառօրյա փառատոնը կազմակերպվել էր տեղի իշխանությունների հովանավորությամբ՝ Սարատովի մարզի «Կռունկ» հայ համայնքի և նրա ստեղծագործական կոլեկտիվների կողմից:
Նոյեմբերի 17-ին փառատոնի բացման արարողությունը, «Հայ պարերի շունչն ու ոգին» խորագրով, տեղի ունեցավ Սարատովի ազգային մշակույթների քաղաքային տան հանդիսությունների մեծ դահլիճում և նվիրված էր պարարվեստի հնամյա ավանդույթներին։
Երկրորդ ներկայացումը՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ին, նվիրված էր հայ բանաստեղծական մշակույթին և գեղարվեստորեն ամփոփում էր նրա բազմադարյա ուղին՝ Վահագնի ծնունդից մինչև մեր օրերը։ Ներկայացումը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին, Սարատովի մարզային համապարփակ գիտական գրադարանի հանդիսասրահում։ Նոյեմբերի 22-ին, նույն դահլիճում, կայացավ հայ երգի հինավուրց ղողանջին նվիրված երեկոն՝ «Անցյալի չմարող մեղեդին» խորագրով։ Նոյեմբերի 25-ին փառատոնային եռերգությունը պսակվեց վառ գալա-համերգով, որը համընկավ Սարատովի նահանգում ՀՀ-ի Գեղարքունիքի մարզի մարզպետ Կարեն Բոթոյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության աշխատանքային այցին: Հայկական պատվիրակությունը, Սարատովի մարզի նահանգապետ Վալերի Ռադաեվի հրավերով, ներկա էր համերգին:
Բացման խոսքում նահանգապետ Վալերի Ռադաևն արտահայտեց իր խոր հարգանքը հայ ժողովրդի նկատմամբ, որն անփոփոխ պահպանել է իր հնագույն այբուբենն ու ավանդույթները, և նշեց՝ Հայաստանի հազարամյա պատմություն ունեցող մշակույթը եզակի է, իսկ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ ասաց, որ հայ պատվիրակության այս տարածաշրջանային այցի ընթացքում երկուստեք գործընկերային հարաբերություններն ամրապնդվեցին նոր ծրագրերով ու միջոցառումներով: Իր հերթին ՀՀ-ի Գեղարքունիքի մարզի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց Վալերի Ռադաևին ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ նման միջոցառումներն ապագայում շարունակական կլինեն:
Համերգի ընթացքում, «Կռունկ» համայնքի ստեղծագործական կոլեկտիվների ելույթները, ներկայացված բանաստեղծական, պարային և վոկալ համարներով, նորովի էին պատմում դարերի շնչով պարուրված հայ մշակույթի մասին և ազդարարում, որ հայ մարդը հաստատ է իր ազգի փառավոր ուղու կերտման ցանկությամբ ու հավատով: Արտիստների հավատն իր ջերմությամբ թափանցեց հանդիսատեսի հոգու խորքերը և հեղեղվեց հորդաբուխ ծափահարությունների հուզիչ ցնծությամբ։