Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Վալանսի հայ մշակույթի կենտրոն

Նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանի, Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանի,  Արևմտյան Եվրոպայի և Ֆրանսիայի Հայոց թեմի  առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Վալանսի հայ մշակույթի կենտրոն և «Ռադիո A»-ի գրասենյակ:

Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլյա Դարագոն, Բուրգ-լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրրիեն, Դրոմ դեպարտամենտի փոխնախագահ Վերոնիկ Պուգիետը:

Հյուրերին ողջունել են Վալանսի հայ մշակույթի կենտրոնի տնօրեն Նազո Ջինբաշյանը և Վալանսի «Դավիթյան» մեկօրյա դպրոցի ուսուցչուհի Սուսան Փահլևանյանը, իսկ Դրոմ Արդեշի «Ապրիլ 24» կոմիտեի անունից նախարար Հրանուշ Հակոբյանին և հյուրերին ողջունել է լրագրող, «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը:

Իր ելույթի ընթացքում Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել Վալանսի հայկական համայնքում: Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին, որոնք 20-րդ դարի սկզբում իրենց հարկի տակ ընդունել են Հայոց ցեղասպանության վերապրածներին: Իր խոսքում Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ֆրանսիա ջերմ հարաբերություններին՝ կարևորելով համայնքի դերն այս հարցում:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ռադիո A»-ի 35-ամյա հոբելյանի առիթով ռադիոկայանի տնօրեն Ժորժ Ավեդյանին է հանձնել «Ռադիո A»-ին շնորհված նախարարության Երախտագիտության մեդալը, իսկ նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել ռադիոկայանի աշխատակիցներին:

Ավարտին տեղի է ունեցել փոքրիկ հյուրասիրություն:

 

Scroll Up