Թուրքիայում նկարահանվել է մոռացված օրորոցայինների մասին փաստագրական ֆիլմ, որտեղ երգում են նաև հայերեն

Թուրք ռեժիսոր Արին Ինան Արսլանը հավաքագրել ու փաստագրական ֆիլմի է վերածել Թուրքիայի տարածքում բնակվող տարբեր ժողովուրդների՝ 7 լեզվով երգված ու մոռացության մատնված շուրջ 30 հին օրորոցային ու դրանք երգող կանանց պատմությունները, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

«Այսօր մայրերն այլևս իրենց երեխաների համար օրորոցային չեն երգում, այդ իսկ պատճառով այս մշակույթը վերացման եզրին է հայտնվել»,- նշում է ռեժիսորը:

Հայերեն, թուրքերեն, արաբերեն, քրդերեն, զազայերեն, լազերեն և վրացերեն ավելի քան երեք տասնյակ օրորոցայիններն ու դրանց պատմությունները լսելու համար Արսլանը շրջել է ժամանակակից Թուրքիայի Արդվինի, Կարսի, Հաթայի, Ադանայի, Մալաթիայի, Դերսիմի, Դիարբեքիրի, Սեբաստաիայի, Խարբերդի, Տրպապիզոնի նահանգներում, ինչպես նաև Համշենում:

Վերացման եզրին գտնվող հին օրորոցայինները ձայնագրած Արսլանը փաստում է, որ դրանք հաճախ արտացոլում էին երգողի ցավը, հույզերը, ընտանեկան պատմություններն ու անցյալի պատմական կարևոր իրադարձությունները:

«Հատկապես Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան շրջաններում օրորոցայինը հաճախ ողբի է վերածվել: Երբ գնացինք Սև ծովի շրջան՝ լազերն ասացին «Մեզ մոտ ողբերգ չի եղել, դրանք արևելյան (հիմնականում քրդաբնակ -tert.am) նահանգներից ենք սովորել», -Tert.am-ի փոխանցմամբ՝ պատմում է Արսլանը:

Scroll Up