Լոս Անջելեսում դասախոսություններ են կազմակերպվել Թուրքիայում իսլամացված հայերի մասին

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, թուրքագետ, պ․գ․թ․ Մելինե Անումյանը նոյեմբերի 13-ին Գլենդելի կենտրոնական հանրային գրադարանի սրահում դասախոսությամբ է հանդես եկել՝ Թուրքիայում իսլամացված հայերի և հայախոս գնչուների թեմայով։ Դասախոսությունը կազմակերպվել է Հայ իրավանց խորհրդի և «Նոր օր» շաբաթաթերթի խմբագրակազի կողմից։

Բանախոսը դասախոսության ընթացքում ներկայացրել է Հայոց ցեղասպանության ընթացքում և Մեծ եղեռնին հաջորդած տարիներին հայերի բռնի ձուլման գործընթացը, ինչպես նաև` ժամանակակից Թուրքիայում ապրող իսլամացված հայերի և հայախոս գնչուների խնդիրները` առավելապես կենտրոնանալով համշենահայության հիմնախնդիրներին և ինքնության հարցին: Բանախոսն անդրադարձել է նաև 2015 և 2016 թթ. Համշենում իր կողմից կատարված դաշտային ուսումնասիրությունների` սկզբունքային նշանակություն ունեցող արդյունքներին, որոնք վերաբերում են Թուրքիայի Արդվին և Ռիզե նահանգներում բնակվող համշենահայերին ու հայախոս գնչուներին:

Մ․ Անումյանը Լոս Անջելեսում հանդես կգա ևս երկու դասախոսությամբ, որոնցից մեկը՝ Համշենի և համշենահայության մասին, տեղի կունենա նոյեմբերի 16-ին, Գլենդելի Գրիգոր և Մարիամ Կարամանուկյան երիտասարդական կենտրոնում, իսկ երկրորդը՝ «Հայոց ցեղասպանության փաստը երիտթուրքերի դատական վավերագրերում» թեմայով՝ նոյեմբերի 20-ին Փասադինայում գտնվող ԹՄՄ Բեշգյոթյուրյան սրահում։

Akunq.net

Scroll Up