Կանադահայ հայրենադարձը Հայաստանում ստեղծել է բժշկական զբոսաշրջության գործակալություն

Կանադահայ Րաֆֆի Էլիոթը Հայաստանում ստեղծել է բժշկական զբոսաշրջային GetTreated թվային ստարտափը: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով  Բժշկական զբոսաշրջության միջազգային ամսագրին (IMTJ).հայտնում է, որ GetTreated-ը հիվանդներին օգնում է ծախսարդյունավետ ու քիչ ժամանակատար բուժման հնարավորություններ գտնել արտերկրում, ավտոմատ կերպով  տեղեկատվություն ստանալ աշխարհի ցանկացած հիվանդանոցի մասին: Ներկայացնելով բժշկական փաստաթղթերը՝ օգտատերերը կարող են անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մասնագետների հետ և ծրագրել իրենց այցելությունը:

«Մենք ստեղծել են հարթակ, որը կծրագրի բժշկական ճամփորդության յուրաքանչյուր քայլը՝ հեռավար խորհրդատվություններ, բուժման ժամկետների ճշգրտում, տեղափոխություն, հիվանդանոցին կից հյուրանոցների ամրագրում և այլն»,-ասել է Րաֆֆի Էլիոթը:

GetTreated-ը 15 հայկական ստարտափներից մեկն է, որը վերջերս Բեռլինում ներկայացվել է Գերմանիայի գործարար շրջանակներին՝ «Հայաստանյան ստարտափների ակադեմիա Բեռլինում» (ASAB) միջոցառմանը, որը կազմակերպվել էր EU4Business-ի SMEDA (Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում) ծրագրի կողմից:

Րաֆֆի Էլիոթը ծնունդով Կանադայից է։ Հայրը իռլանդական արմատներով կանադացի է, մայրը` սիրիահայ։ Մեծացել է Մոնրեալում, հաճախել հայկական դպրոց: 2011 թվականից  ապրում է Հայաստանում:

Scroll Up