Ռուբեն Մամուլյանի 120-ամյակին նվիրված միջոցառում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում

Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը շարունակում է ակտիվորեն մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրին: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, նոյեմբերի 10-ին դպրոցում կայացել է բացդաս-միջոցառում՝ նվիրված «Մեր մեծերը-2017» ծրագրում տեղ գտած ամերիկահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին:
10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները հատուկ բեմականացմամբ ներկայացրեցին նշանավոր հայի կյանքն ու գործունեությունը, անդրադարձան ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման, զարգացման գործում նրա ունեցած վիթխարի ավանդին: Տեսապատկերների միջոցով ցուցադրվեցին Ռուբեն Մամուլյանի նկարահանած ֆիլմներից և Հայաստան կատարած առաջին այցելությունից հատվածներ: Միջոցառումը կազմակերպել էին պատմության և հասարակագիտության ուսուցիչ Սամվել Ղուլյանը և դպրոցի կազմակերպիչ Էլեն Էլբակյանը:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Մեր մեծերը» ծրագիրը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են հայապահպանությանը և երիտասարդների հոգում հայրենասիրական ոգու արթնացմանը:
Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն է՝ նպաստելով ազգային արմատների ճանաչմանը, հայրենասիրության ու ինքնության ամրապնդմանը: