Բըրբենքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից :
Ժողովը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը թեմի հոգևորականների և աշխարհականների անունից բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը և ԳՀԽ անդամներին` անդրադառնալով թեմի հիմնադրման 90-ամյակի առիթով Վեհափառ Հայրապետի կատարած հովվապետական այցի մանրամասներին: Սրբազան Հայրը շեշտեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այս այցը մեծ ուրախություն և խանդավառություն է առաջացրել ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում` զորացնելով սերը և նվիրումը Ս. Էջմիածնի և Հայրենիքի հանդեպ: Նա վստահեցրեց, որ Վեհափառ Հայրապետի այցից հետո վերանորոգված հավատքով, նվիրումով և սիրով պիտի շարունակեն իրենց առաքելությունը` ի շահ Հայոց Եկեղեցու պայծառության և բարգավաճման:
Այնուհետև ԳՀԽ անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը շեշտեց, որ հովվապետական այս այցի առանցքում հայ պատանիներն ու երիտասարդներն էին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայրենիքից հեռու նրանց մեջ զորավոր են ազգասիրությունն ու եկեղեցասիրությունը, նախանձախնդրությունը հայոց լեզվի և մեր ազգային արժեքների պահպանության գործում: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Մեքսիկա կատարած հովվապետական իր անդրանիկ այցին, ուր իր օրհնությունը բաշխեց տեղի հայությանը և միասնաբար աղոթեցին երկրաշարժից զոհվածների հոգիների հանգստության համար:
Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, թեմական խորհրդի ատենապետ Տիար Ժոզեֆ Կանիմյանին, Արևմտյան թեմի հոգևոր սպասավորներին և աշխարհականներին հովվապետական այցի ժամանակ ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: