Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Հրաչյա Բունիաթյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառմանը

Այս տարի լրանում է ճանաչված ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի ծննդյան 110-ամյակը:

ՀՀ ԳԱԱ, կենսաքիմիայի ինստիտուտի ղեկավարության ու Գերմանիայում ապրող ակադեմիկոսի դստեր ջանքերով կազմակերպվում են Հրաչյա Բունիաթյանի հիշատակին նվիրված մեծարման միջոցառումներ Երևանում և գիտնականի ծննդավայր Գավառում:

Նոյեմբերի 1-ին կենսաքիմիայի ինստիտուտում տեղի ունեցավ Հրաչյա Բունիաթյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը:

Իր ելույթում Հակոբյանը նշեց, որ Հրաչյա Բունիաթյանը հայկական գիտության մեջ խոշոր հետագիծ թողած մեծագույն գիտնական էր, ով հանրաճանաչ դարձրեց գիտության այս ուղղությամբ հայ գիտնականների նվաճումները միջազգային ասպարեզում. «Նրա անձի ու մեծագույն աշխատանքի շնորհիվ կենսաքիմիայի ինստիտուտը կարողացավ խորհրդային գիտության մեջ մեծանուն համբավ ձեռք բերել և անցյալ դարի 90-ականների ոչ դյուրին ճանապարհը անցնելով կարողացավ անընդմեջ նպաստել գիտության զարգացմանը: Պետք է նշել, որ ես հպարտ եմ, որ  ես ծվել եմ նույն տարածաշրջանում»-նշեց նախարար Հակոբյանը:

Հրաչյա Բունիաթյանը 1939-1941 թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի վարիչը, 1942-1946 թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտորը, 1943 թ. ՀԽՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի սեկտորը, երկար տարիներ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, գիտության վաստակավոր գործիչ է: Ինստիտուտն այսօր կրում է մեծ գիտնականի անունը:

Scroll Up