Հայաստանում առաջին անգամ կնշվի «Սպարապետի օրը»

Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի «Սպարապետի օրը»։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ Խնձորեսկում կայանալիք տոնակատարության շրջանակում տարբեր հարթակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես, Խնձորեսկի կախովի կամրջի երկարությամբ կանգնած կատարողները դհոլ-զուռնայով կազդարարեն միջոցառման մեկնարկը: Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների մասնակցությամբ և ուղեկցությամբ տեղի կունենա երթ դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանը, որտեղ նրանք զինվորական խոստում կտան և ծաղկեպսակ կդնեն՝ պատվո պահակ կանգնելով ի նշան հարգանքի: Ապա կտրվի զինվորական համազարկ:

Միջոցառման շրջանակներում հանդես կգա «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: Ցանկացողների համար կկազմակերպվի հայկական ռազմական պարերի (քոչարի, յարխուշտա, վերվերի) ուսուցում: Սբ. Հռիփսիմե եկեղեցու տարածքում կհնչեն շարականներ երգչախմբի կատարմամբ: Կանցկացվի նետաձգության մրցաշար:

Ամբողջ օրվա ընթացքում ներկաները հատուկ տաղավարներից կարող են գնել գյուղացիների պատրաստած էկոլոգիապես մաքուր ավանդական կերակուրներ, թխվածքներ ու խմիչքներ: Ելույթ կունենա Արսեն Գրիգորյանի (Մրո) ղեկավարած ազգագրական երգի համույթը՝ ներգրավելով ներկաներին և ելույթը վերածելով իսկական ժողովրդական տոնախմբության:

Միջոցառումների շարքը կեզրափակվի գալա համերգով՝ Շուշան Պետրոսյանի, Պարի պետական անսամբլի, Գագիկ Գինոսյանի «Կարին» համույթի, Արսեն Գրիգորյանի (Մրո), ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Կցուցադրվեն գալա համերգի համար պատրաստված ֆիլմեր: Տոնակատարությունը կավարտվի հրավառությամբ:

Scroll Up