«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում արցախցի երեխաները նոր երաժշտական գործիքներ ստացան. տեսանյութ

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում Արցախի մի շարք արվեստի ու երաժշտական դպրոցներ համալրվեցին երաժշտական գործիքներով: Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, 160  միավոր տարբեր գործիքներ ձեռք են բերվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի  կազմակերպված դրամահավաքի միջոցով: Մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանի խոսքով՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» ծրագրի շրջանակներում 10 համերգ է կազմակերպվել Հարավային Ամերիկայի տարբեր քաղաքներում: Նպատակն էր տարածել  հայկական մշակույթը, ճանաչելի դարձնել Արցախը և դրա հետ մեկտեղ դրամահավաք կազմակերպել`մոտ 1 տարի առաջ հայտարարված շարժմանը միանալու համար:

Երեք  դաշնամուրից մեկը տրամադրվել է Քաշաթաղի շրջանի  Իշխանաձոր համայնքին, երկուսը` Ստեփանակերտի N 4 մանկապարտեզին, մյուս գործիքները հանձնվել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը`հանրապետությունում գործող արվեստի, երաժշտական դպրոցներին և երաժշտական քոլեջին տրամադրելու համար:

Scroll Up