‹‹Հայաստան-Սփյուռք համաժողովն աշխարհագրական առումով ավելի է ընդլայնվել››.Անտոնիո Սարաֆյան

ՀԲԸՄ պատվո անդամ, ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը, անդրադառնալով սեպտեմբերի 18-20-ը կայացած ‹‹Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն›› խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, ‹‹Հայերն այսօր››-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում նույնպես մասնակցել է համաժողովներին և գոհ մնացել: Նկատել է՝ այս անգամ համաժողովն աշխարհագրական առումով ավելի է ընդլայնվել, որն էլ զգալի տեղաշարժ է համարում:

‹‹Արգենտինայի հայկական համայնքի համար կրկին Հայաստանում գտնվելը մեծ ուրախություն էր: ՀՀ սփյուռքի նախարարությունը գրագետ մտածված համաժողով էր կազմակերպել, կարծում եմ՝ նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, արծարծված թեմաները Հայաստան-Սփյուռք փոխգործակցության զարգացման ճանապարհին հետագայում մեծ խթան են հանդիսանալու››,-նշեց Անտոնիո Սարաֆյանը՝ հավելելով, որ համաժողովին մասնակցելը, տարբեր երկրներից Հայաստան եկած հայերին հանդիպելն ու մտքեր փոխանակելն արդեն մեծ հաջողություն է համարում:

‹‹Հայերն այսօր››-ի զրուցակիցն առաջ քաշեց իր այն տեսակետը, որ հայ ժողովուրդը միայն միասնաբար և սրտացավ աշխատանքի շնորհիվ կարող է հասնել ազգային հիմնախնդիրների կարգավորմանը, և հատկապես՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանմանը:

 

 

Scroll Up