Համահայկական համաժողովի ընթացքում ինձ հետաքրքրող շատ տեղեկություններ ստացա.Նոր Զելանդիայի հայկական համայնքի ղեկավար
Նոր Զելանդիայի հայկական համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը մասնակցում էր սեպտեմբերի 18-ից 20-ը կայացած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան–Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին:
«Հայերն այսօր»–ի հետ զրույցում Նուբար Յաղուբյանը խոսում է ոչ միայն համաժողովի, այլև համայնքային կյանքի մասին.
– Նոր Զելանդիայի հայկական համայնքը ստեղծվել է քսան տարի առաջ՝ Օքլենդ քաղաքում, որտեղ այժմ աշխարհի տարբեր երկրներից եկած քսանհինգ հայ ընտանիք է ապրում:
Չնայած փոքրաթիվ համայնք է, եկեղեցի չի գործում, բայց ամեն կերպ փորձում ենք մեր ինքնությունն ու ազգային դիմագիծը պահպանել. Սիդնեյից մեզ միշտ հոգևորական է այցելում, հոգևոր զրույցներ ունենում և պատարագ մատուցում: Ի դեպ, ծրագրել ենք Օքլենդում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունը կրող հայկական եկեղեցի կառուցել, որը կարծում եմ՝ տեղի հայերին կհամախմբի եկեղեցու շուրջ և հոգևոր զարթոնք կպարգևի:
Համայնքի համար մտահոգիչ է հայ երիտասարդների հայապահպանության հարցը, նրանց մի փոքր դժվար է կապել Հայրենիքի հետ, սակայն փութաջանորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Ինչպես օրինակ՝ համագործակցում ենք ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ:
Առաջին անգամ եմ մասնակցում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող համաժողովին, և հուսով եմ՝ այսուհետև նախարարության հետ մեր փոխգործակցությունն առավել կզարգանա: Հայաստանի հետ միշտ կապի մեջ ենք գտնվում, բայց այդ կապերը չեն ամրապնդվի, եթե նմանատիպ նախաձեռնությունների չմասնակցենք: Համաժողովի շրջանակներում հանդիպեցի նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նախարարի հետ քննարկեցին համայնքի գործունեությանը, հայապահպանությանն վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձանք համաժողովի ընթացիկ աշխատանքներին:
Առհասարակ, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից գոհ եմ, ինձ հետաքրքրող շատ տեղեկություններ ստացա, ծանոթացա տարբեր համայնքներից եկած մարդկանց, որոնց հետ հետագայում երկուստեք կփորձենք համագործակցության դաշտ ստեղծել:
Գևորգ Չիչյան