ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակից երգչախմբերի ղեկավարներին և անհատ կատարողներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/IMG_0875.jpg)
Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակից Հորդանանի «Վարդավառ», Իրանի «Նարեկ», Թուրքիայի «Սայաթ-Նովա» և Վրաստանի «Աղբյուր» երգչախմբերի ղեկավարներին, ներկայացուցիչներին և անհատ կատարողներին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Դուք Կոմիտասի ժառանգության կրողն ու տարածողն եք Սփյուռքում: Փառատոնի նպատակն է աշխարհում կոմիտասյան արվեստի հանրահռչակումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը և ժամանել եք Հայաստան՝ մասնակցելու «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին: Վստահ եմ, որ համերգի նախապատրաստական աշխատանքները լավ են ընթացել, և այսօր երեկոյան մենք ականատեսը կդառնանք հայ մաքրամաքուր երգի հրավառության», – նշեց նախարարը:
Սփյուռքի նախարարը կարևորեց նաև փառատոնի դերը՝ տարբեր համայնքներից ժամանած երգչախմբերի միջև հաստատվող կապերի և փոխճանաչողության գործում: Նա նշեց, որ ազգային մշակույթը, երգն ու պարը Սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարի լավագույն միջոց են: «Անհրաժեշտ է այդ գործում ներգրավել նախ և առաջ Սփյուռքում ստեղծագործող երիտասարդությանը», – հավելեց նախարարը:
Հորդանանի «Վարդավառ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Թորոյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին և Սփյուռքի նախարարությանը՝ իրենց համայնքը մշտապես ակտիվ պահելու և Հայրենիքի հետ կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար: «Արդյունքում ամեն տարի որոշում ենք գալ Հայաստան և մայրենի լեզվով մեր երգն ենք ներկայացնում Հայրենիքում», – նշեց նա:
Իրանի «Նարեկ» համույթի ղեկավար Գիտա Եասերի Սիրուսին կարևորեց Հայրենիքում նման փառատոնների իրականացումը, իսկ Թուրքիայի «Սայաթ-Նովա» երգչախմբի ներկայացուցիչ Թամար Նելցին նշեց, որ առաջին անգամ է մասնակցում փառատոնին և ոգևորված է Հայրենքում իր արվեստը ներկայացնելու հնարավորության համար:
Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարը հաջողություն մաղթեց փառատոնի բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ փառատոնը կնպաստի Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: