Արա Բաբլոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում
Հարգարժան փոխվարչապետ,
հարգարժան նախարարներ,
համաժողովի հարգելի’
մասնակիցներ և հյուրեր,
սիրելի’ բարեկամներ,
նախ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության գալիք տոնի առթիվ: Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի նախօրյակին:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար: Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է:
Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևորագույն իրադարձություն են թեʼ Հայաստանում և թեʼ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար: Այդ է վկայում նաև տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը:
Այս համաժողովը ընդգրկուն օրակարգ ուներ, որը ներառում էր մի շարք ուղղություններ` տնտեսականից մինչև արտաքին քաղաքականություն, հայապահպանություն և ազգային անվտանգություն:
6-րդ համաժողովի կարևոր քննարկումներից մեկն, անշուշտ, վերաբերում էր Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարին: Համոզված եմ, որ այդ ապագա կառույցն իր ձևով ու բովանդակությամբ կարող է լիարժեքորեն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձևավորման աշխատանքներին:
Հարգելի’ բարեկամներ,
հայրենիքը սփյուռքի հոգևոր անվտանգության գլխավոր երաշխավորն է, սփյուռքը` հայրենիքի տարածքային ու տնտեսական անվտանգության ապահովման կարեւորագույն աջակիցը և շահառուն:
Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնց մի զգալի հատված ապաստանել է հայրենիքում: Հայաստան ներգաղթած սիրիահայերը հարստացնում են մեր երկիրը: Մյուս կողմից,անկախ իր գտնվելու վայրից, սիրիահայությունն այսօր հայրենիքի ու սփյուռքի համատեղ աջակցության կարիքն ունի: Հայաստանի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում օգնում և օգնելու է սիրիահայ մեր հայրենակիցներին Սիրիայում թե այլուր: Պատահական չէ, որ այս համաժողովը, որպես համահայկական կարեւորագույն միջոցառում, առանձին անդրադարձավ նաեւ սիրիահայության խնդիրներին:
Սիրելիʼ հայրենակիցներ,
բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:
Մենք կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով:
Մենք որդեգրել ենք ժողովրդավարության ու կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել` անկախ որևէ իրավիճակից:
Ակնհայտ է, որ աշխարհում ստեղծված ներկայիս տնտեսական և քաղաքական վիճակը, սրընթաց ծավալվող իրադարձությունները պարտադրում են ավելի ճկուն և արագաշարժ լինել, կատարելագործել քաղաքական ու տնտեսական դիվանագիտության գործիքները:
Ձեզնից շատերը, ապրելով տարբեր երկրներում, մասնագիտորեն ներգրավված լինելով տարբեր ոլորտներում, համոզված եմ, շատ լավ գիտեն այդ ամենի արժեքը: Ձեր անձնական մասնակցությունը, նորագույն գիտելիքների, փորձի և հմտությունների կիրառումն օգտակար կարող են լինել ոչ միայն ձեր բնակության երկրներում, որտեղ դուք բավականին մեծ հաջողությունների եք հասել, այլեւ հենց Հայաստանում:
Մեզ համար կարևոր են ձեր ներուժն ու մասնակցությունը: Միասին պետք է համբերատարությամբ ներդնենք բոլոր ջանքերը, քայլ առ քայլ շարժվենք առաջ և ավելի համախմբենք հայկական ուժերը` լուծելու հայկական աշխարհի խնդիրները և նոր հնարավորություններ ստեղծենք` ավելի լավ ապագայի համար:
Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում սփյուռքի այն կառույցների ջանքերը, որոնք աջակցություն են ցուցաբերում հատկապես սփյուռքի երիտասարդությանը` Հայաստանում որպես կամավորներ աշխատելու, լիարժեք աշխատանք գտնելու կամ որևէ այլ ձևով իրենց փորձը և գիտելիքներն ի նպաստ հայրենիքի ծառայեցնելու գործում: Շնորհակալ ենք այդ կազմակերպություններին և անհատներին, ինչպես նաև մեր միջազգային գործընկերներին` իրենց հայանպաստ նվիրումի համար:
Համոզված եմ, որ այստեղ ներկաներից շատերն ունեն գաղափարներ ու առաջարկություններ: Հնարավոր է, որ իրականություն դարձնելու համար անհրաժեշտություն կա դրանք ներկայացնել նաեւ խորհրդարանական ձեւաչափում: Ցանկանում եմ հավաստիացնել , որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դռները բաց են այն բոլոր կառուցողական և ողջամիտ առաջարկների համար, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի դերն առավել քան առանցքային է դարձել: Խորհրդարանական կառավարման համակարգը լիարժեք իրողություն կդառնա գալիք տարի, երբ ուժի մեջ կմտնեն Սահմանադրության բոլոր համապատասխան դրույթները: Ազգային ժողովը երկրի զարգացմանն ու առաջընթացին միտված իր գործունեությունն իրականացնելու է նոր եռանդով և ավելի նպատակաուղղված:
Օրենսդիրներիս ջանքերը պետք է միտված լինեն մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, օրենքի և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:
Հարգելի բարեկամներ,
առաջընթացի ու զարգացման տարաբնույթ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ խաղաղության ու անվտանգության բացակայության պայմաններում: Դրանք անսակարկելի արժեքներ են, որոնց ցանկացած զիջում կարող է հանգեցնել անուղղելի ճակատագրական հետևանքների:
Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Ի դեմս ազատ Արցախի Հանրապետության` ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մենք ունենք շատ բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքները և սատարում դրանց: Արցախը նաև համահայկական երազանքի մարմնավորումն է:
Բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի հուսալիության և մարտական բարձր պատրաստականության, մեր զինվորի ու սպայի ոգու վրա: Մեր բանակն օր-օրի ուժեղանում է նաև ձեր աջակցության շնորհիվ, որովհետև հայրենիքում անվտանգության խնդիր լինելու պարագայում աշխարհի անգամ ամենահեռու անկյունում գտնվող հայը չի կարող հանգիստ լինել:
Սա է ազգ-բանակ գաղափարի ակնառու դրսևորումը:
Հետևաբար, որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին, Արցախի անկախության և անվտանգության գաղափարին, խաղաղության գաղափարին: Սա մեր ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները միավորող ելակետ է: Այդ մասին երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից աշխարհի ողջ հայության անունից հստակ բարձրաձայնեց նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:
Հարգելի բարեկամներ,
մենք լավ գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ կան մեր պետության առջև` հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները և տարածաշրջանում առկա խնդիրները: Մենք ելնում ենք առաջին հերթին մե’ր շահերից և նպատակներից` դիվանագիտական միջոցներն ու հնարքներն օգտագործելով դրանք պաշտպանելու և առաջ մղելու համար: Որովհետև ոչ ոք մեզնից ավելի լավ չգիտի մեր կարիքները, երբեէ մեզնից ավելի շատ չի մտածել ու չի էլ մտածելու մեր այսօրվա ու վաղվա մասին: Մյուս կողմից, մենք չենք փորձում որևէ երկրի կամ կազմակերպության հետ մեր հարաբերությունները կառուցել ի վնաս այլ երկրների կամ կազմակերպությունների: Մենք վստահելիության եւ հուսալիության բավականին բարձր վարկանիշ ունենք Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ամերիկյան և ընդհանրապես մեր բոլոր գործընկերների, այդ թվում` Իրանի և Չինաստանի հետ հարաբերություններում` ձգտելով ոչ միայն օգուտ ստանալ այդ համագործակցությունից, այլև օգտակար լինել:
Խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը զուգընթաց` ավելի ենք զարգացնելու խորհրդարանական դիվանագիտության ջանքերը և ակտիվությունը: Եւ այդ ճանապարհին մենք սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի, ամբողջ աշխարհում սփռված մեր բարեկամների աջակցության կարիքն ունենք:
Հարգելի բարեկամներ,
ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ: Վստահ եմ, որ այս համաժողովը ևս կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի և հարաբերություների զարգացմանը:
Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, հաջողություն և առաջընթաց` ի շահ մեր ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր համայնքների: