Արա Բաբլոյեանի Ելոյթը Հայաստան-Սփիւռք Համահայկական 6-րդ Համաժողովին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանի ելոյթը Հայաստան-Սփիւռք համահայկական 6-րդ համաժողովին

Յարգարժան փոխվարչապետ,

յարգարժան նախարարներ,

համաժողովի յարգելի’

մասնակիցներ եւ հիւրեր,

սիրելի’ բարեկամներ,

նախ ցանկանում եմ բոլորիս շնորհաւորել Հայաստանի անկախութեան գալիք տօնի առթիւ: Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացուեց Հայաստանի անկախութեան հռչակման 26-րդ տարեդարձի նախօրեակին:

Թոյլ տուէք շնորհակալութիւն յայտնել բոլորիդ  ակտիւ մասնակցութեան համար: Վստահ եմ, որ այս համաժողովը  մեզ աւելի համախմբող, շօշափելի արդիւնքների յանգեցնող, համահայկական գործակցութիւնը խթանող համազգային ձեռնարկ է:

Ընդհանրապէս, Հայաստան-սփիւռք համաժողովները կարեւորագոյն իրադարձութիւն են թէʼՀայաստանում եւ թէʼ  նրա սահմաններից դուրս գտնուող մեր հայրենակիցների համար: Այդ է վկայում նաեւ տարէցտարի ընդլայնուող մասնակցութեան աշխարհագրութիւնը:

Այս համաժողովը ընդգրկուն օրակարգ ունէր, որը ներառում էր մի շարք ուղղութիւններ` տնտեսականից մինչեւ արտաքին քաղաքականութիւն, հայապահպանութիւն եւ ազգային անվտանգութիւն:

6-րդ համաժողովի կարեւոր քննարկումներից մէկն, անշուշտ, վերաբերում էր Համահայկական խորհրդի  ստեղծման գաղափարին: Համոզուած եմ, որ այդ ապագայ կառոյցն իր ձեւով ու բովանդակութեամբ կարող է լիարժէքօրէն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձեւաւորման աշխատանքներին:

Յարգելի’  բարեկամներ,

հայրենիքը սփիւռքի հոգեւոր անվտանգութեան գլխաւոր երաշխաւորն է, սփիւռքը` հայրենիքի տարածքային ու տնտեսական անվտանգութեան ապահովման կարեւորագոյն աջակիցը եւ շահառուն:

Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնց մի զգալի հատուած ապաստանել է հայրենիքում: Հայաստան ներգաղթած սիրիահայերը հարստացնում են մեր երկիրը: Միւս կողմից,անկախ իր գտնուելու վայրից, սիրիահայութիւնն այսօր  հայրենիքի ու սփիւռքի համատեղ աջակցութեան կարիքն ունի: Հայաստանի Հանրապետութիւնն իր հնարաւորութիւնների սահմաններում օգնում եւ օգնելու է սիրիահայ մեր հայրենակիցներին Սիրիայում թէ այլուր: Պատահական չէ, որ այս համաժողովը, որպէս համահայկական կարեւորագոյն միջոցառում, առանձին անդրադարձաւ նաեւ սիրիահայութեան խնդիրներին:

Սիրելիʼ  հայրենակիցներ,

բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետութիւն:

Մենք կառուցում ենք նոր Հայաստան,  նոր հեռանկարով  ու նոր հնարաւորութիւններով:

Մենք որդեգրել ենք ժողովրդավարութեան ու կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարուել` անկախ որեւէ իրավիճակից:

Ակնյայտ է, որ աշխարհում ստեղծուած ներկայիս տնտեսական եւ քաղաքական վիճակը, սրընթաց ծաւալուող իրադարձութիւնները պարտադրում են աւելի ճկուն եւ արագաշարժ լինել,  կատարելագործել  քաղաքական ու տնտեսական դիւանագիտութեան գործիքները:

Ձեզնից շատերը, ապրելով տարբեր երկրներում, մասնագիտօրէն ներգրաւուած լինելով տարբեր ոլորտներում, համոզուած եմ, շատ լաւ գիտեն այդ ամէնի արժէքը: Ձեր անձնական մասնակցութիւնը, նորագոյն գիտելիքների, փորձի եւ հմտութիւնների կիրառումն օգտակար կարող են լինել ոչ միայն ձեր բնակութեան երկրներում, որտեղ դուք բաւականին մեծ յաջողութիւնների էք հասել, այլեւ հէնց Հայաստանում:

Մեզ համար կարեւոր են ձեր ներուժն ու մասնակցութիւնը: Միասին պէտք է համբերատարութեամբ ներդնենք բոլոր ջանքերը, քայլ առ քայլ շարժուենք առաջ եւ աւելի համախմբենք հայկական ուժերը` լուծելու հայկական աշխարհի խնդիրները եւ նոր հնարաւորութիւններ ստեղծենք` աւելի լաւ ապագայի համար:

Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում սփիւռքի այն կառոյցների ջանքերը, որոնք աջակցութիւն են ցուցաբերում յատկապէս սփիւռքի երիտասարդութեանը` Հայաստանում որպէս կամաւորներ աշխատելու, լիարժէք աշխատանք գտնելու կամ որեւէ այլ ձեւով իրենց փորձը եւ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի ծառայեցնելու գործում: Շնորհակալ ենք այդ կազմակերպութիւններին եւ անհատներին, ինչպէս նաեւ մեր միջազգային գործընկերներին` իրենց հայանպաստ նուիրումի համար:

Համոզուած  եմ, որ այստեղ ներկաներից շատերն ունեն գաղափարներ ու առաջարկութիւններ: Հնարաւոր է, որ իրականութիւն դարձնելու համար անհրաժեշտութիւն կայ դրանք  ներկայացնել նաեւ խորհրդարանական ձեւաչափում: Ցանկանում եմ հաւաստիացնել , որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի դռները բաց են այն բոլոր կառուցողական եւ ողջամիտ առաջարկների համար, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրին ու աշխարհասփիւռ մեր ժողովրդին:

Ինչպէս գիտէք, սահմանադրական փոփոխութիւնների արդիւնքում  ազգային ժողովի դերն առաւել քան առանցքային է դարձել: Խորհրդարանական կառավարման համակարգը լիարժէք իրողութիւն կը դառնայ գալիք տարի, երբ ուժի մէջ կը մտնեն Սահմանադրութեան բոլոր համապատասխան դրոյթները: Ազգային ժողովը երկրի զարգացմանն ու առաջընթացին միտուած իր գործունէութիւնն իրականացնելու է նոր եռանդով եւ աւելի նպատակաուղղուած:

Օրէնսդիրներիս ջանքերը պէտք է միտուած լինեն մարդու իրաւունքների պաշտպանուածութեան աստիճանի բարձրացմանը, օրէնքի եւ իրաւունքի գերակայութեան առաւել ամրապնդմանը:

Յարգելի բարեկամներ,

առաջընթացի ու զարգացման տարաբնոյթ ծրագրերը չեն կարող իրականութիւն դառնալ խաղաղութեան ու անվտանգութեան բացակայութեան պայմաններում: Դրանք անսակարկելի արժէքներ են, որոնց ցանկացած զիջում կարող է յանգեցնել անուղղելի ճակատագրական հետեւանքների:

Հայաստանի սահմանների անվտանգութիւնն ու խաղաղութիւնն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգութիւնից: Ի դէմս ազատ Արցախի Հանրապետութեան` աւելի քան քառորդ դար անհերքելի իրողութիւն է հայկական երկրորդ պետութեան գոյութիւնը: Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մենք ունենք շատ բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքները եւ սատարում դրանց: Արցախը նաեւ համահայկական երազանքի մարմնաւորումն է:

Բոլորդ էլ վստահ էք հայկական զինուժի յուսալիութեան եւ մարտական բարձր պատրաստականութեան, մեր զինուորի ու սպայի ոգու վրայ: Մեր բանակն օր-օրի ուժեղանում է նաեւ ձեր աջակցութեան շնորհիւ, որովհետեւ հայրենիքում  անվտանգութեան խնդիր լինելու պարագայում  աշխարհի անգամ ամենահեռու անկիւնում գտնուող հայը չի կարող հանգիստ լինել:

Սա է ազգ-բանակ գաղափարի ակնառու դրսեւորումը:

Հետեւաբար, որեւէ բանակցութիւն,  քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակայ լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին, Արցախի անկախութեան եւ անվտանգութեան գաղափարին, խաղաղութեան գաղափարին: Սա մեր ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթութիւնները միաւորող ելակէտ է: Այդ մասին երէկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից աշխարհի ողջ հայութեան անունից յստակ բարձրաձայնեց նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը ` ելոյթ ունենալով  ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլէայի 72-րդ նստաշրջանում:

Յարգելի բարեկամներ,

մենք լաւ գիտակցում ենք, թէ ինչ մարտահրաւէրներ կան մեր պետութեան առջեւ` յատկապէս հաշուի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները եւ տարածաշրջանում առկայ խնդիրները: Մենք ելնում ենք առաջին հերթին մե’ր շահերից եւ նպատակներից` դիւանագիտական միջոցներն ու հնարքներն օգտագործելով դրանք  պաշտպանելու եւ առաջ մղելու համար: Որովհետեւ  ոչ ոք  մեզնից աւելի լաւ չգիտի մեր կարիքները, երբեւէ մեզնից  աւելի շատ չի մտածել ու չի էլ մտածելու մեր այսօրուայ ու վաղուայ մասին: Միւս կողմից, մենք չենք փորձում որեւէ երկրի կամ կազմակերպութեան հետ մեր յարաբերութիւնները կառուցել  ի վնաս այլ երկրների կամ կազմակերպութիւնների: Մենք վստահելիութեան եւ յուսալիութեան բաւականին բարձր վարկանիշ ունենք  Եւրասիական տնտեսական միութեան, Եւրոպական միութեան, ամերիկեան եւ ընդհանրապէս մեր բոլոր գործընկերների, այդ թւում` Իրանի եւ Չինաստանի հետ յարաբերութիւններում` ձգտելով ոչ միայն օգուտ ստանալ այդ համագործակցութիւնից, այլեւ օգտակար լինել:

Խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը զուգընթաց` աւելի ենք զարգացնելու խորհրդարանական դիւանագիտութեան ջանքերը եւ ակտիւութիւնը: Եւ այդ ճանապարհին մենք սփիւռքի մեր եղբայրների ու քոյրերի, ամբողջ աշխարհում սփռուած մեր բարեկամների աջակցութեան կարիքն ունենք:

Յարգելի բարեկամներ,

եւս մէկ անգամ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել բոլորիդ: Վստահ եմ, որ այս համաժողովը եւս կը նպաստի Հայաստան-Սփիւռք կապերի եւ յարաբերութիւների զարգացմանը:

Մաղթում եմ բոլորիդ խաղաղութիւն, յաջողութիւն եւ առաջընթաց` ի շահ մեր ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի բոլոր համայնքների:

 

Scroll Up