Մեկնարկեց «Մշակույթի դերը հայապահպանության գործում» թեմատիկ նիստը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/paf-logo-1.png)
Համաժողովը շարունակեց աշխատանքը չորս թեմատիկ ուղղություններով: «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության «Մշակույթի դերը հայապահպանության գործում» թեմատիկ նիստը վարեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա կարևորեց մշակույթի նկատմամբ սրտացավ վերաբերմունքը, նշեց, որ համաժողովը վկայեց ազգի հավաքական ուժի ու միասնականության մասին: Մշակույթի նախարարը մասնավորապես նշեց. «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հենասյուները լեզուն, հավատքը և մշակույթն են: Այսօր հավաքվել ենք քննարկելու այդ հենասյուների հետ կապված հիմնախնդիրները: Ակնկալում ենք գործնական առաջարկներ, հետաքրքիր դիտարկումներ և նկատառումներ, որոնք հետագայում ուղենիշ կդառնան մեր ծրագրերի համար»:
«Մշակութային քաղաքականությունը Հայաստանում. Հայկական մշակութային ժառանգության պահպանությունն արտերկրում» զեկուցումով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Զեկուցողը պատասխանեց հայապահպանության վերաբերյալ հարցերին:
Մխիթարյան միաբան Հոգեշնորհ Տեր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը (Իտալիա) անդրադարձավ Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին: Առաջարկ հնչեց Միաբանության հարուստ ցուցադրությունը ներկայացնել նաև Հայաստանում, որին ի պատասխան մշակույթի նախարարը հավաստիացրեց, որ ծրագիրն արդեն մեկնարկել է հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին նվիրված ցուցադրությամբ:
Կինոպրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը (ԱՄՆ) ներկայացրեց ՀՀ-ում ֆիլմարտադրության ոլորտի բարեփոխումների ծրագիր:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի զեկուցման թեման էր «Համահայկական թվային գրադարան. 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ»:
Մշակութային գործիչ, արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանը (Լիբանան) հանդես եկավ «Աշխարհում ցրուած Հայ Ստեղծագործ Մտքի հաւաքման և ի սպաս հայրենիքին ներդրման թեմայի շուրջ» զեկուցմամբ: Նա մասնավորապես նշեց, որ Սփյուռքի նախարարության շնորհիվ, նաև Մշակույթի նախարարության աջակցությամբ աշխուժացել են Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը, սփյուռքի մշակույթը ճանաչելի է դարձել Հայաստանում:
«Հայկական Մշակոյթ՝ Ամբողջական Կեանք եւ Շարունակականութեան Հիմք» թեմայով զեկուցման մեջ Արաբական ծոցի Աստվածաշնչի ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճեանը (Կիպրոս) կարևորեց մշակույթի դերը Սփյուռքում հայապահպանության գործում:
«Թոնիր» հարսանեկան գյուղ նախագծի համահիմնադիր Հայկ Երանոսյանը ներկայացրեց «Հայկական ավանդական հարսանիքի տոնածիսական համալիրը՝ ազգապահպան կարևոր գործոն» թեմայով զեկուցումը, որը վերաբերում էր «Թոնիր» հարսանեկան գյուղ նախագծի իրականացման հետ կապված հարցերին:
Տեղի ունեցավ հարցուպատասխան և կառուցողական քննարկում: