Համահայկական խորհրդին նվիրված քննարկում Սահմանադրական դատարանում
Սեպտեմբերի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանում՝ գլխավորությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի տեղի ունեցավ Համահայկական խորհրդի ձևավորմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական, ազգային, հասարակական գործիչներ Հայաստանից և Սփյուռքից:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Համահայկական խորհրդի վերաբերյալ տարբեր կազմակերպություններից, կառույցներից ու անհատներից ստացված առաջարկներն ու դիրքորոշումը:
Այնուհետև ծավալվեց քննարկում, որի արդյունքները պետք է ներկայացվեն «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 18-ին կայանալիք Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված կլոր սեղանի ընթացքում:
Քննարկման մասնակիցները կարևորեցին հանձնախումբ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կքննարկի և կհստակեցնի հետագայում ստեղծվելիք կառույցի նախագիծը:
Հանդիպման ընթացքում առաջարկներ հնչեցին նաև համահայկական ներուժի համախմբման ուղղությամբ՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ստեղծված պետական և տարածաշրջանային հանձնաժողովների գործելաոճը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փորձառությունը: