Օնտինյենտ քաղաքի հայկական դպրոցը
2015 թվականին Լիլիթ Մալխասյանը Իսպանիայի Օնտինյենտ քաղաքում (Վալենսիա), որտեղ շուրջ 150 հայ է ապրում, հիմնել է «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Լիլիթ Մալխասյանը, ով նաև դպրոցի տնօրենն է, ասաց, որ ապրելով Իսպանիայում՝ տարեցտարի իր հոգում ավելի էր զորեղանում հայկական դպրոց հիմնելու գաղափարը, քանի որ տեսնելով այնտեղ ապրող հայ երեխաների Մայրենիի, հայ մշակույթի հանդեպ փոքր-ինչ անտարբեր վերաբերմունքը՝ խոր ցավ էր ապրում:
«Իբրև հայ, իմ պարտականությունն էի համարում դպրոցի ստեղծումը, շատ էի ուզում՝ Հայաստանից հեռու ապրող հայ երեխաները դպրոց հաճախելով՝ չմոռանային հայերենը, կապվեին հայ գիր ու գրականությանը, տառաճանաչ լինեին, ինչն էլ կնպաստեր ինքնության ու ազգային դիմագծի պահպանմանը: Դեռևս միայն ես եմ դասավանդում, մեծ սիրով եմ կատարում աշխատանքները՝ աշակերտներին հայոց լեզու, հայոց պատմություն, հայ երաժշտություն դասավանդելով: Այս դրությամբ՝ դպրոցում տաս աշակերտ է սովորում:»,-իր խոսքում ընդգծեց Լիլիթ Մալխասյանը՝ հավելելով, որ սկսել է համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության հետ, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել դասագրքերի տրամադրման հարցում:
Լիլիթ Մալխասյանն իր երկու որդիներին նույնպես տոգորում է հայրենասիրական ոգով, վստահեցնում է, որ ամեն ինչ անում է՝ նրանց հայեցի կրթություն և դաստիարակություն տալու, Հայրենիքի հետ կապերըը չխզելու համար: Ամառային արձակուրդներին պարտադիր Հայաստան է բերում, տարբեր տեսարժան վայրեր շրջայցերի տանում, իսկ հաջորդ տարվա այցելության ընթացքում տղաները մասնակցելու են ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին:
Ի դեպ, Լիլիթի կրտսեր որդին՝ տասներկուամյա Սիրեկան Հովհաննիսյանը, Օնտինյենտ քաղաքում կայացած շախմատի մրցույթում հաղթող է ճանաչվել:
Հավելենք նաև, որ դպրոցի տնօրենը Հայաստանին, մեսրոպյան տառերին և հայկական մշակույթին նվիրված ընդգրկուն մի միջոցառում է կազմակերպել, որին ի թիվս այլ հյուրերի, ներկա են եղել նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Գևորգ Չիչյան