Սքոթ Ավետիսյան. ԱՄՆ 10 ամենահեղինակավոր քաղաքապետերից մեկը

Սքոթ Ավետիսյանին համարում են հարատև քաղաքապետ. արդեն 17 տարի ազգությամբ հայ ամերիկյան քաղաքական գործիչն ու Հանրապետական կուսակցության անդամը ղեկավարում է ԱՄՆ Ռոյդ Այլնդ նահանգի Վարվիք քաղաքը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով rusarminfo.ru կայք-էջին, հայտնում է, որ 52-ամյա Վարվիքի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: Ծնվել, ապրել ու իր պրոֆեսիոնալ կարիերայի ողջ մասը նվիրել է Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող ամերիկյան նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքին:

Ավետիսյանը կրթությունը ստացել է Ռոդ Այլնդի մայրաքաղաքում՝ Փրովիդենսում, այնուհետև ուսանել է Ռոջեր Ուիլյամսի համալսարանում և Հարվարդի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում:

1990-ական թվականների սկզբին Սքոթ Ավետիսյանը վերադառնում է հարազատ քաղաք և ընտրվում քաղխորհրդի անդամ: Այս պաշտոնում նա աշխատում է շուրջ 10 տարի:

Սքոթ Ավետիսյանն առաջին անգամ 85 հազար բնակչություն ունեցող Վարվիք քաղաքի քաղաքապետ է ընտրվել 2000 թվականին: Այդ ժամանակ նա դարձավ ոչ միայն ամերիկյան քաղաքի ազգությամբ հայ առաջին քաղաքապետը, այլև՝ Ռոդ Այլնդ նահանգի ամենաերիտասարդ քաղաքապետը:

Պաշտոնավարման առաջին շրջանի հաջողությունը երաշխիք դարձավ հաջորդող ընտրությունների ժամանակ, իսկ 2011 թվականին Նյու Յորք Թայմսը Սքոթ Ավետիսյանին ներառեց ԱՄՆ 10 ամենահեղինակավոր քաղաքապետերի շարքում:

Ավետիսյանի հաջողության բանալի այն է, որ նրան հաջողվում է առավելագույն ձայներ հավաքել Վարվիքի բոլոր ընտրական տեղամասերում: 2017 թվականի օգոստոսի 1-ին կայացած ընտրությունների արդյունքը բացառություն չէր. Ավետիսյանը հավաքեց ձայների 65,1 %-ը և մեծ առավելությամբ նորից հաղթեց քաղաքապետի ընտրություններում:

Սքոթ Ավետիսյանը նահանգի հայկական համայնքի ակտիվ անդամ է և հաճախ է հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերով: Ռոդ Այլնդի ներկայացուցիչների պալատը 2017 թվականի ապրիլին ընդունել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Scroll Up