«Արցախից ինձ հետ Լիբանան եմ տանում խիղճ». Ահարոն Շխրտմյան
Երևանում և Ստեփանակերտում կայացած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին մասնակցում էր Հայ երիտասարդաց ընկերակցության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանը: «Հայերն այսօր»-ը Ահարոն Շխրտմյանի հետ զրուցել է համաժողովի աշխատանքների, Արցախ կատարած այցելության ու հետագա անելիքների շուրջ:
– Պարո՛ն Շխրտմյան, Դուք առաջին անգամ էիք մասնակցում Լրագրողների համահայկական համաժողովին: Ինչպե՞ս կբնորոշեք համաժողովի աշխատանքները:
– Այո՛, Լրագրողների համահայկական համաժողովին առաջին անգամ էի մասնակցում: Հրավերներ միշտ ստացել եմ, սակայն զանազան պատճառներով մասնակցելու և ներկա գտնվելու առիթ չէր ընձեռվում: Պետք է մեծապես շնորհակալ լինեմ Հայ երիտասարդաց ընկերակցությանը, նրա Կենտոնական վարչությանը, որ հնարավորություն ընձեռեց ինձ մասնակցելու, և ավելի լսելի դարձնելու այս մեծ կազմակերպության ձայնը համաժողովի ընթացքում:
Հայ երիտասարդաց ընկերակցությունը համահայկական մեծագույն կազմակերպության՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդական շարժումն է և հայապահպանությանը միտված հսկայական ու շատ կարևոր աշխատանք է կատարում Սփյուռքում՝ իր երիտասարդական, մարզական, համալսարանական, սկաուտական, մշակութային շարժումներով: Ընկերակցության հովանու ներքո գործող հռչակավոր «Արին» պարախումբը, «Անդրանիկ» փողերախումբը, 1959 թվականին հիմնադրված հանրածանոթ «Վահրամ Փափազյան» թատերախումբը կարևոր մշակութային առաքելություն են կատարում ողջ Սփյուռքում: Իսկ սկաուտական շարժումը ոչ միայն ազգային, այլև՝ համալիբանանյան տարողությամբ միջոցառումների մնայուն ներկայություն է: Հայ երիտասարդաց ընկերակցությունը ջերմ կապեր ունի նաև Հայրենիքի հետ: Այն մեծ ներդրում է ունեցել և այսօր էլ շարունակում է իր առաքելությունը Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդման, փոխհարաբերությունների սերտացման գործում: Իսկ մի քանի օր առաջ Հայ երիտասարդաց ընկերակցությունը արժանապատիվ կերպով, համագաղութային տարողությամբ և մեծ հանդիսությամբ նշեց իր հիմնադրության 85 և միաժամանակ ՀԲԸՄ-ի 110 ամյակները:
Անդրադառնալով Երևանում և Ստեփանակերտում կազմակերպված համաժողովին՝ նշեմ, որ շատ օգտակար էր ու արդյունավետ: Այն ոչ միայն հնարավորություն տվեց Սփյուռքի տարբեր համայնքներում և հայրենիքում գործունեություն ծավալող լրագրողներին, խմբագիրներին նոր ծանոթություններ հաստատել կամ հին կապերը նորոգել, այլև կարողացանք շատ կարևոր հարցեր միասնաբար քննարկել և ուղիներ փնտրել:
Համաժողովի ամենակարևոր կետերից մեկը, օրինակ, սփյուռքյան մամուլի միջոցով սփյուռքահայ գործարարներին ինչ որ ձևով քաջալերելն է, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում և հատկապես՝ Արցախում:
Մենք չենք կարող հայրենասիրության դասեր տալ մարդկանց, որոնք ամեն մի մետրի, քարի համար իրենց կյանքն են զոհել, արյուն են թափել և շարունակում են թափել: Բայց մենք կարող ենք մեր լուման ներդնել և օգնել, որպեսզի այդ մարդիկ, որոնք զոհերի գնով հայրենիք են կերտում, կարողանան իրենց ինքնուրույնությունը, հայկական դիմագիծը պահպանել: Այդ մարդկանց մենք պետք է ամեն գնով օգտակար լինենք: Այս առումով ես վստահ եմ, որ բոլոր ներկաները դա զգացին ու ապրեցին: Եվ իրենց երկրներ վերադառնալուց հետո՝ անպայման օգտակար լինելու ճանապարհներ կսկսեն փնտրել:
– Պարո՛ն Շխրտմյան, համաժողովի շրջանակներում Դուք առաջին անգամ եղաք Արցախում, այցելեցիք նաև առաջնագիծ: Ինչպիսի՞ զգացողություններով եք վերադարձել Արցախից:
– Այո, կարևոր էր, որ առաջին անգամ ոչ միայն Արցախ այցելեցի, այլև՝ առաջնագիծ, ու հնարավորություն ունեցա սեփական աչքով տեսնել, թե Հայոց բանակի զինվորներն ինչպես են պահպանում մեր սահմանները: Երբ տեսնում ես հայ զինվորի, որը սահմանագծում փոքրիկ մատուռ է ստեղծել՝ Աստվածածնի նկարներով ու զանազան աղոթքներ պարունակող գրություններով, և ապավինած Աստծուն և իր զենքին՝ պատրաստ է իր կյանքը զոհելու հանուն հայրենիքի, որպեսզի իր հարազատներն ու բարեկամները ապահով ու խաղաղ ապրեն, շատ բաներ կյանքում նոր իմաստ են ստանում: Այս ինքնազոհողությունից ավելի մեծ ի՞նչ խորհուրդ կարող է գոյություն ունենալ: Դա մեծագույն ապացույցն է՝ ինչ ասել է հայրենասիրություն: Հայրենասիրությունը ճառախոսություն չէ: Հայրենասիրությունը սահմանում կանգնած հայ զինվորի «լուռ» սխրանքն է, որը պետք է գնահատել, արժևորել ոչ թե խոսքերով, այլ՝ գործով:
Արցախում ինձ լրագրողներից մեկը հարցրեց՝ ի՞նչ պետք է տանեք Արցախից, ասացի՝ խիղճ: Չգիտեմ՝ ինչպիսի մարդ պետք է լինես, որ սահմանում կանգնած զինվորին, Արցախի փխրուն խաղաղությունն ու ազատության համար պայքարող մարդկանց տեսնելով՝ վերադառնալուց հետո պետք է այլևս չապրես Արցախով:
– Կարելի է ասել, որ Արցախ կատարած այցը Ձեր մեջ շատ բան է փոխել:
– Այո, ու եթե մինչև հիմա մենք Արցախի մասին հոդվածներ էինք գրում, ներկայացնում հայ զինվորի, ժողովրդի քաջագործություններն ու սխրանքները, հայրենասիրությունը, հիմա առավել հաճախ պիտի գրենք: Արցախ կատարած ուղևորությունն ինձ պարտադրեց ավելին անելու: Միայն խոսելով չպետք է բավարարվենք: Առաջարկեցի, և դա նաև տեղ է գտել համաժողովի հայտարարության մեջ, որ յուրաքանչյուր լրատվամիջոց՝ տպագիր և էլեկտրոնային, որպես գլխագիր-խորագիր՝ ունենա «Ինչ ես արել Ղարաբաղի համար» կարգախոսը: Սա շատ կարևոր է և կստիպի մարդկանց խորհել, որ իրենք պարտականություն ունեն Արցախի համար:
Այս գաղափարն է, որ իմ մեջ բոցավառվեց Արցախում, և այս ուղղությամբ պետք է շատ աշխատանք տանենք ապագայում: Եզրափակելով միտքս՝ նշեմ, որ ինձ հետ տանում եմ նաև աշխատանքի առաքելություն:
– Պարո՛ն Շխրտմյան, համաժողովին տարբեր հարցեր քննարկվեցին: Հնչած առաջարկներից ո՞րը կամ որո՞նք կառանձնացնեիք:
– Համագործակցության գաղափարը, որը բազմիցս շեշտվեց: Սփյուռքի և Հայրենիքի լրատվամիջոցների միջև կապերը պետք է ավելի ամրապնդել, որովհետև հանրային կարծիք ստեղծելու մեջ երկուսն էլ առանձին-առանձին և միասնաբար մեծ անելիք ունեն, հատկապես՝ հայրենաշինության, հայրենիքի առօրյան, հասարակական, տնտեսական կյանքը լուսաբանելու, նվաճումներն արձանագրելու ուղղությամբ: Ես չեմ ասում, որ չպետք է քննադել, թող քննադատեն, բայց որ այն կառուցողական լինի, այլ ոչ թե միայն սևացնելու համար:
Գործակցելը շատ կարևոր է և օգնում է նոր գաղափարներ, մոտեցումներ առաջ քաշել և իրագործել: Խորհրդակցելիս՝ արդյունքն ավելի դրական է լինում: Փոխադարձ օգնությունը նոր որակ կարող է հաղորդել մամուլի աշխատանքներին:
Չեմ ասում, որ առ այսօր փոխգործակցություն չկար, պարզապես պետք է զորացնել: Օրինակ՝ ապրիլյան դեպքերի ժամանակ Հայրենիքի և Սփյուռքի լրատվամիջոցները մեկ կեցվածք դրսևորեցին: Հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանությունը կարևորելով՝ կարողացան միասնաբար դրական հանրային կարծիք ձևավորել: Այդ օրերին միասնության գաղափարն ամրացավ յուրաքանչյուրիս մեջ՝ անկախ որևէ պատկանելիությունից ու հայացքներից: Պետք է այն զարգացնենք, այլ ոչ թե փորձենք միմյանց, կատարված աշխատանքը մրոտել՝ շատ հաճախ ոչ ազնիվ միջոցներով ու մարդկանց կատարածը սևացնելով: Այս իմաստով՝ միասնականության ոգին պետք է փորձենք ամրացնել: Ասել է թե՝ գաղափարական առումով տարբեր լրատվական կայքեր պետք է փորձեն միատեսակ քարոզչություն կատարել:
– Եվ վերջին հարցը. արդեն պլանավորե՞լ եք Ձեր հաջորդ այցելությունն Արցախ:
– Պիտի գամ այնպիսի եղանակի, որ մշուշ չլինի, որպեսզի կարողանամ վայելել Արցախի բնությունը և գեղեցկությունը: Այդ ժամանակ, վստահ եմ, որ Արցախն ամբողջովին ազատագրված և միջազգային ճանաչում ձեռք բերած պետություն կլինի: Եվ Արցախ այցելող յուրաքանչյուր մարդ՝ հերոս արցախցիների աչքերի մեջ անպայման կտեսնի այդ ուրախությունը:Վստահ եմ՝ այդ այցելությունը շուտ պիտի լինի:
Լուսինե Աբրահամյան