«Մի օր աշխարհի բոլոր հայերը պիտի բռնեն Հայաստանի՝ Լույսի՛ ճանապարհը». Նազո Ջիմբաշյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/08/nor-nazo.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարությունում ֆրանսիայից հյուրընկալված Վալանս քաղաքի «Հայ մշակույթի տան» նախագահ Նազո Ջիմբաշյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Պարո՛ն Ջիմբաշյան, Ձեր խոսքից արդեն հասկացա, որ, անշուշտ, Լիբանանից կամ Սիրիայից եք, այդպե՞ս է…
-Այո՛. ծնվել ու մեծացել եմ Լիբանանում, սկզբնական կրթությունս այնտեղ եմ ստացել, 7 տարի Բեյրութում եմ հաճախել դպրոց, որից հետո տեղափոխվել ենք Ֆրանսիա, որտեղ շարունակել եմ ուսումս: Ես ֆրանսերեն չգիտեի, դժվար էր, այդ հարցում ինձ օգնում էր առաջին ուսուցիչս՝ հայրս՝ Համազգայինի Բուրջ Համուտի ատենապետ, հայոց լեզվի և պատմության վաստակաշատ, ճանաչված մանկավարժ Վարուժան Ջիմբաշյանը: Նրա շնորհիվ ես շատ արագ յուրացրեցի ֆրանսերենը և սովորեցի ֆրանսիական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն եմ ստացել՝ շինարար-ինժեներ-տնտեսագետի մասնագիտացմամբ:
-Ես տեղյակ եմ, որ Դուք հասարակական ակտիվ գործունեություն եք ծավալել Ֆրանսիայում. պատմեք, խնդրեմ այդ մասին:
-Այս պահին զբաղված եմ հասարակական աշխատանքով, որի նպատակը հայապահպանությունն է Ֆրանսիայում, մասնավորապես՝ Վալանսում, որտեղ ներկայումս Հայ մշակույթի տան նախագահն եմ. պաշտոնավարում եմ շուրջ 4 տարի: Մշակույթի տունը հիմնադրվել է 1983-ին, դրանից առաջ գոյություն են ունեցել մշակույթի փոքրիկ ակումբներ: Հայ մշակույթի տունն ունի համազգային մի քանի միություններ, նրանում ընդգրկված է սկաուտների խումբ, ունենք ֆուտբոլի երկու թիմ՝ մեծերի և փոքրերի: Լավ մարզիչներ ունենք: Մեր նպատակը արհեստավարժ ֆուտբոլիստներ պատրաստելը չէ, այլ՝ այդ միջոցով հայապահպանության աշխատանքներ տանելը: Դաշնամուրի դասարան ունենք՝ 10 աշակերտով, «Ա» անվանումով( Արմենիա) 24-ժամյա ռադիո ունենք, որի հաղորդումների 40 տոկոսը հնչում է ֆրանսերենով, 60 տոկոսը՝ հայերենով: Հիմնականում օգտագործում ենք Փարիզի «ԱՅՊ-ֆմ» հայկական ռադիոկայանի պատրաստած հաղորդումները: Ունենք պատանեկան և երիտասարդական միություններ, որոնք ներգրավված են հայրենասիրական ձեռնարկներում, շատ ակտիվ գործունեություն են ծավալում Հայ դատի պաշտպանությանն առնչվող հարցերում: Ունենք նաև «Մանուկների մշակութային արվեստանոց», որի միջոցով հայ երեխաներին ծանոթացնում ենք հայկական մշակույթին, մեր հոգևոր հարուստ ժառանգությանը: Մեր մշակույթի տունը հաճախ է կազմակերպում զանազան հետաքրքիր, ուսանելի միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, տարբեր թեմաներով դասախոսություններ: Հոկտեմբերին դասախոսություն է լինելու հայկական տարազների թեմայով, որը վարելու է հայաստանաբնակ մասնագետ Աշոտ Համբարձումյանը: Մենք ամեն ամիս միջոցառումներ ենք ունենում, որոնց գերակա խնդիրը, նպատակը հայապահպանությունն է, մեր արմատներից չհեռանալը, նոր սերնդի հայեցի դաստիարակությունը: Մշակույթի տան շենքում գործում է «Կապույտ խաչ» ( ՀՕՄ-ի) կազմակերպությունը, որը ծավալում է մարդասիրական, հանրային և կրթական գործունեություն: Մշակույթի տուն հաճախող երեխաներին շաբաթը մեկ անգամ, 2 ժամով հայերեն են սովորեցնում: Գրադարան ունենք, որը տնօրինում է Սուսան Փահլևանյանը: Աշխատաննքը շատ է, բայց մենք սիրով ու պատրաստակամությամբ ենք անում ամեն ինչ. աշխատանքը բաժանված է մեր վարչության 7 անդամների միջև, և ամեն մեկն իր անելիքը գիտի:
-Հասկանալի է, որ շատ եք ծանրաբեռնված հասարակական, ազգօգուտ աշխատանքով, իսկ Ձեր մասնագիտությամբ աշխատու՞մ եք…
-Այո՛, աշխատում եմ, նաև՝ զբաղվում հայապահպան աշխատանքներով, որոնցից առաջինը, բնականաբար, ապրելու, կենցաղավարելու համար է, իսկ երկրորդը՝ ամենակարևորը՝ օտար ափերում ազգային ինքնության պահպանման:
-Գործնակա՞ն է Ձեր այցը Հայրենիք:
-Ոչ՛, եկել եմ կարոտս առնելու, ինձ հետ են կինս ու 16-ամյա աղջիկս, ով երբևէ չի եղել Հայաստանում. նրան բերել եմ, որպեսզի ծանոթանա Հայաստանին, կապվի մեր Հայրենիքին, շփվի տեղի հայերի հետ, ամենուր լսի հայերեն խոսք: Ես ծնվել եմ Լիբանանում և, անշուշտ, կապված եմ ծննդավայրիս, ուր չեմ եղել 35 տարի, սակայն մի օր պետք է վերադառնամ ոչ թե Լիբանան, այլ՝ Հայաստան: Շատ կուզեմ, որ ամբողջ ընտանիքով (երկու տղա և մեկ աղջիկ ունեմ, կինս էլ հայուհի է) ապրենք Հայաստանում:
-Պարո՛ն Ջիմբաշյան, ծանո՞ք եք ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը:
-Այո՛. մենք ստեղծել ենք «Ապրիլի 24» կոմիտե, որի քարտուղարն եմ ես. այդ կոմիտեի շրջանակներում կազմակերպել ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումներ, նույն այդ կազմակերպությունը հանդես է գալիս «Հայ դատ»-ի պաշտպանության ցույցերով, մենք նաև ցույցեր ենք կազմակերպել հանուն Արցախի, մեր զորակցությունն ենք հայտնել Ապրլիյան քառօրյայի հերոսական մարտերին մասնակցած, կռված բոլոր հայորդիներին: Չկա որևէ կարևոր իրադարձություն հայոց կյանքում, որին մենք չարձագանքենք:
-Այսքանից հետո, բնականաբար, չեմ կարող չհարցնել՝ ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:
-Շատ երկրներում եմ եղել, բայց միայն իմ Հայրենիքում եմ ինձ ապահով զգում. ես այստեղ իմ տանն եմ: Մի օր աշխարհի բոլոր հայերը պիտի բռնեն Հայաստանի՝ Լույսի՛ ճանապարհը:
Զրուցեց Կարինե Ավագյանը