Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով

Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, 2011-ից Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։