102 տարի առաջ Թուրքիայում ապրող ալևիներին ի պահ տրված հայելին վերադարձավ Հայաստան
Գերմանիայում բնակվող ալևի Հասան Դվինը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին փոխանցեց մի հայելի, որը 1915 թ. հայտնվել էր նրա պապի մոտ։
Ինչպես հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ծնունդով պատմական Երզնկայից Հասանը պատմում է, որ փայտե պատյանով հայելին իր Հասան պապին հայերի նակատմամբ իրականացվող կոտորածների ընթացքում ի պահ են տվել բռնագաղթի ենթարկված հարևան հայերը՝ հույսով, որ գուցե մի օր հետ վերցնեն իրենց իրերը:
Սակայն ինչպես հայտնի է, Երզնկայի հայությունը թուրքական վայրագություններից առավելապես տուժած շրջաններից է: Երզնկայի հայությունը գրեթե ամբողջությամբ տեղահանվել և գազանաբար սպանվել է, ձերբակալվել և գնդակահարվել է նաև տեղի մտավորականությունը:
1915 թ. մայիսին թուրքական իշխանությունների հրահանգով տեղահանվեց Երզնկայի հայությունը, որի մեծ մասը սպանվեց Կամախի (Քեմահ) կիրճում։ Շատ քչերին հաջողվեց պատսպարվել մոտակա լեռներում ու անտառներում:
Հասանը մանկուց իմացել է, որ իրենց տանը հայերին պատկանած իրեր են պահպանվում: Ավելի ուշ իրերը բաժանվել են ընտանիքի անդամների միջև, իսկ Հասանին հասել է փայտե շրջանակով հասարակ հայելին: Հայելու փայտե շրջանակի վրա ձեռագործ նախշազարդեր կան: Հոր մահից հետո Հասանը տեղափոխվել է Գերմանիա և հետն է վերցրել նաև հայելին։ Նրան միշտ հետաքրքրել է, թե ում է պատկանել այդ իրը կամ ողջ են արդյոք հայելու տիրոջ հարազատները։
Հասանն անցյալ տարի եղել է Հայաստանում, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հենց այդ ժամանակ է որոշում կայացրել հայելին հանձնել թանգարանին:
«Հայելին դրված էր մեր տանը։ Բոլոր հյուրերին մենք պատմում էինք դրա պատմությունը։ Երբեմն ամենատարբեր ազգության տեր մարդիկ արտասվում էին։ Սա խղճի խնդիր է, և ինչպես Վիկտոր Հյուգոն է ասել, խիղճը մարդու մեջ Աստվածն է», – պատմում է Հասան Դվինը և կոչ է անում իր հայրենակիցներին երբևէ հայերին պատկանած իրերը փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարանին:
ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն այս փաստը համարում է եզակի. «Սա աննախադեպ երևույթ է, քանի որ մինչ այդ թանգարանին նվիրատվություն կատարել են միայն ցեղասպանությունը վերապրածների ժառանգները՝ փոխանցելով իրենց ընտանիքներին պատկանած մասունքներ»: