«Հայրենիքում մեր սրտին շա՜տ մոտ, սիրելի անկյուն է Սփյուռքի նախարարությունը՝ նախարարի շնորհիվ».Տեր Պետրոս վարդապետ Մանվելյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/07/Հայր-Պ.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության դռները միշտ բաց են աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու գործող մեր հայրենակիցների առջև. նրանցից շատերը Հայաստան են գալիս հե՛նց նախարարություն այցելելու և նախարարի հետ շատ ծրագրերի շուրջ խորհրդակցելու, ինչպես նաև՝ համագործակցության առավել սերտ կապեր ստեղծելու համար: Վերջերս ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սփյուռքի հոգևոր և ազգային կենտրոններից մեկը հանդիսացող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամ, տեղեկատվական գրասենյակի վարիչ-պատասխանատու Հայր Պետրոս վարդապետ Մանվելյանին, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալված հարցազրույցիս ընթացքում Կաթողիկոսության տեղեկատվական բաժնի լայնածավալ գործունեությունից բավականին կարևոր տեղեկատվություն քաղեցի, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
-Հա՛յր Պետրոս, բարով եք եկել Հայրենիք, բարո՛վ եք եկել ՀՀ սփյուռքի նախարարություն. կարծեմ ՝ յուրահատուկ առաքելությամբ եք Հայաստանում:
-Առաջին հերթին՝ եկել եմ Հայաստան, որովհետև Հայաստանը բոլորիս տունն է. յուրաքանչյուր տան մեջ մարդ մի թանկ, սրտամոտ անկյուն է ունենում, իսկ Հայաստանում այդ սրտամոտ անկյունը սփյուռքահայերի համար Սփյուռքի նախարարությունն է: Շատ շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարին, ով իր ներկայությամբ այսքան սիրելի, այսքան հարազատ է դարձնում մեզ համար Սփյուռքի նախարարությունը: Առաքելությանս բուն նպատակը Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողության առիթով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս ՆՍՕՏՏ Վեհափառ Հայրապետ Արամ Առաջինի պատգամը կարդալն է: Վեհափառ Հայրապետի խոսքը կարդալն ինքնին մեծ պատիվ է ինձ համար:
-Խոսենք Ձեր լրատվական-տեղեկատվական գործունեության մասին. որո՞նք են այդ լրատվադաշտի հիմնական ուղղվածությունն ու նպատակակետը:
-Քանի որ մենք Կաթողիկոսարանի տեղեկատվական գրասենյակն ենք ներկայացնում, ուստի մեր հիմնական առաքելությունը մեր ժողովրդի զավակներին Կաթողիկոսարանի աշխատանքներին տեղյակ դարձնելն է, մասնավորապես՝ Վեհափառ Հայրապետի կողմից կատարված ամբողջ առաքելությունը: Ինչպես հայտնի է, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, որպես Սփյուռքի ազգային և հոգևոր կենտրոններից մեկը, այսօր գրեթե ամեն ինչով է զբաղվում: Այդ բոլոր աշխատանքներին մեր ժողովրդին իրազեկելը մեր պարտքն է: Անշու՛շտ, մենք նաև սերտորեն համագործակցում ենք Հայաստանի բոլոր լրատվամիջոցների հետ, բայց եթե ինձ հարցնեք, թե արդյոք ես բավարարվա՞ծ եմ այդ համագործակցությամբ, կասեմ՝ ոչ:
-Ներեցեք, որ ընդհատում եմ. կցանկանայի տեղեկանալ, թե Դուք Հայաստանի բոլո՞ր լրատվամիջոցների հետ եք համագործակցում, թե՞ միայն հոգևոր ուղղվածություն ունեցողների:
-Իրականում մենք բոլո՛ր լրատվամիջոցներին ենք փորձում տեղեկատվություն ուղարկել, բացի՝ առցանց գործողներից կամ էլ՝ նոր ստեղծված լրատվամիջոցներից, սակայն նրանք կարող են հետևել մեզ Կաթողիկոսարանի պաշտոնական՝ www. armenianorthodoxchurch.org կայքում, կարող են այնտեղից նյութեր վերցնել: Մենք աշխատում ենք, որ անմիջական համագործակցություն լինի Հայաստանի և Կաթողիկոսարանի տեղեկատվական լրատվամիջոցների միջև: Հուսանք, որ այդ համագործակցությունը լավագույնս և առավելագույն չափով կկայանա: Դա Սփյուռքը Հայաստանին և Հայաստանը Սփյուռքին մերձեցնելու, ավելի լավ ծանոթացնելու միջոցներից, գործոններից մեկն է: Թույլ տվեք ասել, որ Հայաստանի լրատվամիջոցները պետք եղած չափով երբեմն չեն արձագանքում Սփյուռքի իրադարձություններին. չգիտեմ՝ որն է դրա պատճառը. գուցե գործակցության, ծանոթության, շփումների պակա՞սն է…Այս սխալը պետք է շտկվի, որովհետև Հայաստանն ու Սփյուռքը մշտապես պետք է տեղյակ լինեն միմյանցից;
-Հա՛յր Պետրոս, կուզեի Ձեր հեղինակավոր խոսքը, կարծիքն իմանալ՝ կապված Միջին Արևելքի ներկայիս իրավիճակի հետ:
-Երևի այս հարցով այդքան էլ հեղինակավոր խոսք չունեմ Ձեզ ասելու, սակայն մի բան կարող եմ ասել, որ Մեծի Տանն Կաթողիկոսությունը, որպես Սփյուռքի հոգևոր ու ազգային տերն ու տիրականը, մանավանդ՝ Միջին Արևելքի համայնքների (որովհետև մենք ներկայացնում ենք Միջին Արևելքի հոգևոր-քրիստոնյա պետերի կարևոր աթոռներից մեկը, քանի որ այն քրիստոնյաները, որոնց աթոռները, հոգևոր կենտրոնները Միջին Արևելքում են, քիչ են), մենք կարևոր խոսք ունենք ասելու, քանի որ Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում հսկայական գաղութներ ունենք, որոնք ամեն իմաստով շատ կարևոր են: Դրանք կազմակերպված գաղութներ են, որի պատճառներից մեկն էլ Հայաստանին ավելի մոտ գտնվելն է, ինչպես նաև՝ Ցեղասպանությունից հետո անմիջապես կազմակերպված լինելը. Այդ գաղութներում ապրող հայությունը շատ հայրենասեր, հայասեր է, ազգային ու հոգևոր արժեքները պահպանող, ինչը չի կարելի առանց վերապահության ասել Արևմուտքի հայկական գաղթօջախների մասին: Ամեն իմաստով՝ ազգային ու հոգևոր, պետք է պահել ու պահպանել այդ գաղութները, հայկական ավանդական համայնքները: Մասնավորապես պետք է հիշել սիրիահայությանը. Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Վեհափառ Հայրապետ Արամ Ա Կաթողիկոսի շնորհիվ արդենիսկ սկսված են սիրիահայության հետ տարվող վերականգնման աշխատանքները և երկու-երեք ամիս առաջ այդ առիթով Անթիլիասում տեղի ունեցավ առաջին խորհրդակցական հավաքը: Սիրիահայության խնդիրը համահայկական է, և Սփյուռքի ու Հայաստանի բոլոր կառույցների աշխատանքները պետք է աջակցեն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը, որպեսզի այն կարողանա ամենաարագ ձևով ու լավագույնս վերականգնել սիրիահայության իրավիճակը: Բոլո՛րս պետք է նման հարցերի շուրջ համախմբվենք:
-Հա՛յր Պետրոս, մեզանում, սովորաբար, ընդունված է մտածելակերպի այն կարծրատիպը, ըստ որի՝ հոգևորականն աշխարհիկ կյանքի հետ կապ չունի, չնայած դարերի խորքից եկող մեր պատմությունը հակառակն է ապացուցում. շատ հոգևորականներ ենք ունեցել, ովքեր մի ձեռքում խաչն են պահել, մյուսում՝ սուրը և ժողովրդի, ազգի համար օրհասական պահերին մարտնչել են թշնամյաց դեմ, նահատակվել…Ինչպիսի՞ն է այսօրվա հոգևորականը:
-Այս հարցին պատասխանելու համար պետք է սկսենք Հայոց պատմությունից, Հայոց եկեղեցու պատմությունից. ազգային եկեղեցու հայ հոգևորականը տարբերվում է մյուս հոգևորականներից: Քրիստոնյա հոգևորականի համար կարևոր է հայերեն լեզվով Քրիստոսի խոսքը հասցնել ժողովրդին: Եթե կան դեպքեր, երբ հայ հոգևորականը շեղվել է հայ հոգևորականին բնորոշ կերպարից, ապա նա պարտավոր է վերադառնալ մաքուր ու ճիշտ ակունքներին: Հոգևորականի պերճախոս վկայությունը մեր Արամ Ա Կաթողիկոսն է, ում մասին շատ հաճախ եմ լսել գովասանքներ, բայց մի նբախադասություն, որը լսել եմ մեր Վեհափառ Հայրապետի մասին, չեմ կարող մոռանալ՝ Այսօր կա՛ն, ապրում են գրքի հոգևորականները…Ու ես ցանկանում եմ հավաստել, որ դա ճշմարտություն է, որ միայն վաղնջական ժամանակներում չեն ապրել ու գործել լավագույն հոգևորականները, որ նրանք մեր Հայրենիքի համար օրհասական պահերին եղել են ու կլինե՛ն ժողովրդի կողքին:
-Ձեր կարծիքով այսօր ո՞րն է աշխարհով մեկ սփռված ու Հայաստանում ապրող հայ մարդու գերխնդիրը, որպեսզի ունենանք հզոր Հայաստան:
-Ես հոգևորական եմ, սակայն առաջին հերթին հայ եմ: Հայ եմ ասելով՝ դարձել եմ հոգևորական: Հայեցի, հայրենասիրական, ազգանպաստ մտորումները, զգացումները հայ հոգևորականին այնպես են պահում և ուղղորդում, որպեսզի նա կարողանա հոգևոր կյանքում իր ազգի համար հայապահպան մեծ աշխատանքներ կատարել:
-Հա՛յր Պետրոս , կենդանի հավատքը կարո՞ղ է այն զորեղ կռվանը լինել, որը հային ու Հայաստանը կդարձնի հզոր:
-Անշու՛շտ: Եթե չունենայինք այդ հավատքը, այսօր չէր լինի Հայաստանը, մենք այս փոքրիկ Հայրենիքն անգամ չէինք ունենա: Բացի հավատքից՝ անհրաժեշտ է, որ շատ ամուր թելերով կապված լինեն Սփյուռքն ու Հայաստանը: Հայաստան-Սփյուռք գործակցությունն անչափ կարևոր է կյանքի բոլոր ոլորտներում: Շատ կարևոր է մեր Աթոռի կեցվածքը, այն է՝ Սփյուռքը պետք է զորացնել ի խնդիր Հայաստանի և հակառակը: Եթե ինչ-ինչ պատճառներով Սփյուռքի զանազան գաղութներից հայերն ուզում են գաղթել, հեռանալ,ապա, ինչպես Վեհափառ Հայրապետն է ասում՝ նրանց վախճանակետը պետք է լինի Հայաստանը: Հավաքվել Հայաստանում, հզորանալ ու հզորացնել Հայրենիքը, միասնական լինել՝ ահա սա՛ է Հայաստանը հզորացման տանող ուղիղ ոի ճշմարիտ ճանապարհը:
-Դուք տեղեկատվական դաշտում եք և քիչ առաջ ասացիք, որ թույլ է կապը Հայաստանի և Սփյուռքի՝ այդ ոլորտի գործակցության հարաբերություններում, և այն ամրացնելու հույսը նաև ՀՀ սփյուռքի նախարարությունն է. ե՞րբ եք համագործակցության կամուրջ հիմնել նախարարության հետ և ինչպե՞ս եք գնահատում նախարարության ծավալած գործունեությունը:
-Արդեն ասել եմ, որ Հայրենիքում մեր սրտին շա՜տ մոտ, շա՜տ հարազատ մի անկյուն է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ Սփյուռքի նախարարի շնորհիվ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման օրվանից մինչ օրս սերտ համագործակցության մեջ է: Սփյուռքի նախարարությունը հաճախ տարածում է մեր լուրերը և մեր աշխատանքների մասին հավելյալ լուրեր է տարածում իր լրատվական կայքերի միջոցով, որի համար շատ շնորհակալ ենք:
-Հա՛յր Պետրոս, ես էլ Ձեզ եմ շնորհակալ՝ բովանդակալից, հետաքրքիր, ուսանելի, հարուստ տեղեկատվությամբ հագեցած հարցազրույցի համար:
Կարինե Ավագյան