Պատմարժեք «Հանգիտագիրք» պատմագրքի շնորհանդեսը Թեհրանում
Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության նախաձեռնությամբ հուլիսի 19-ի երեկոյան, Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցուն կից «Շաղուլյան» սրահում տեղի ունեցավ Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի շնորհանդեսը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Թեհրանի «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ կոթողական այս աշխատության հիմքում ընկած է Ստեփանոս Երեցի ձեռագիր մատյանը, որը պահպանվում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մատենադարանի ձեռագրերի բաժնում:
Սա մեզ համար սպասված մեծ աշխատություն է, որը գրվել է 1787-1789 թվականներին Իրանի Սպահանի շրջանի Փերիո գավառի Հազարջրիբ երբեմնի հայաբնակ գյուղում` Ստեփանոս Երեցի միջոցով:
Գիրքը լույս է տեսել Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության ջանքերով և ինչ խոսք` այն իրականություն չէր դառնա առանց բարերարների, ովքեր լավագույնս գիտակցելով աշխատության պատմական նշանակությունը՝ չեն խնայել ոչինչ:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ միության վարչության փոխատենապետ Մելինա Մանգասարյանը:
Ապա գրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանը հակիրճ տողերով ներկայացրեց աշխատության ստեղծման անցած ողջ ճանապարհը և կարևորությամբ շեշտեց, որ գիրքը հրատարակվել է ՀՀ Մատենադարանի երաշխավորությամբ և լույս է տեսել «Ալիք» հաստատության տպարանում: Իր խոսքի ավարտին նա բեմ հրավիրեց թարգմանիչ, գրականագետ Գարուն Սարգսյանին, ով ընդհանուր գծերի մեջ, բայց խոսուն վկայություններով ներկայացրեց գիրքը: Այնուհետև պատկերասփռվեց գրքի թարգմանիչներ` Երևանի Մատենադարանի գիտաշխատողներ Թ. Մինասյանի, Լ. Թումանյանի և Հ. Կիրակոսյանի ողջույնի խոսքը:
Ապա հրավիրվեց ասմունքող Հրանուշ Սարգսյանը, ով ընթերցեց հատվածներ Ստեփանոս Երեցի գրքից:
Նախաձեռնության մասին հրավիրվեց արտահայտվելու «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, ով նշեց, որ ձեռագրերի արժևորումը մեր իրականության մեջ դարերի պատմություն ունի և հիշատակեց, որ դեռ 100 տարի առաջ Ատրպատականի շուկաներում հայերից խլված ձեռագիր մատյանները, որոնք վաճառքի էին հանվել, գնվել են մեր մտավորականների կողմից և տեղափոխվել Էջմիածին: «Ահա նման հասկացողությամբ ենք մենք մոտեցել մեր պատմական արժեքներին, ու նման աշխատության հրատարակումը գնում է միանալու Էջմիածնում ու Մեսրոպ Մաշտոց Մատենադարանում պահպանվող հազարավոր ձեռագիր մատյանների բույլին»,- նշեց պրն. Մելիքյանը:
Նոր Ջուղայից` Սպահանի Հայոց Թեմական խորհրդի կողմից միջոցառմանը ներկա էր խորհրդի ներկայացուցիչ Սոնիկ Բաղումյանը, ում որպես երախտագիտություն՝ հանձնվեց հուշանվեր-շնորհակալագիր, որից հետո նա հանդես եկավ շնորհավորական խոսքով:
Վերջում բեմ հրավիրվեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը՝ հուշանվերներ հանձնելու բարերարներին և արտահայտվելու օրվա առիթով:
Սրբազան Հայրը օրհնեց աշխատության օրինակը և հուշանվերներ հանձնելուց հետո իր խոսքում որպես բացառիկ աշխատանք՝ գնահատեց այս աշխատությունը և մատնանշեց հատկապես կարևորությունը` ձեռագիր մատյանի և հոգևորական գործչի թողած ժառանգության պահպանումը, որպես պատմագիրք, մեզ թողած ժառանգության ավանդ համարեց:
Միջոցառման ավարտին եկեղեցու բակում ներկաների համար կազմակերպվել էր ընդունելություն:
Նշենք, որ ձեռնարկին ներկա էին նաև ԻԻՀ Մեջլիսի իրանահայ պատգամավորներ` դոկտ. Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային Կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ Վարդան Վարդանյանը, ակադեմիկոս Մկրտիչ Թումանյանը, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարյանը, Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Ժոզեֆ Մեհրաբյանը, Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի անդամ Սերոժ Մատթեոսյանը, «Ալիք» օրաթերթի տնօրեն Արա Շահնազարյանը:
Ներկա էին նաև մարզամշակութային միությունների ներկայացուցիչներ և մտավորականներ: