«Հրաշալի ծրագիր, հրաշալի մարդիկ, համեղ սնունդ,համեղ ջուր. շնորհակալությու՛ն Հայրենիք». «Արի տուն-2017» ծրագրի մասնակից Թորոսյան քույրեր

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը տարիներ շարունակ  հայրենաճանաչության յուրօրինակ դասեր է տալիս այս ծրագրի  շրջանակներում Հայաստան ժամանող հայորդիներին: Նրանց կարծիքներն ու տպավորությունները պարբերաբար լուսաբանվում են «Հայերն այսօր» պարբերականում: Վրաստանի  մայրաքաղաք Թբիլիսիից «Արի տուն» ծրագրին մասնակցող երեք հայորդիների հետ  ունեցած հարցազրույցիս ընթացքում  անթաքույց հիացմունքի զգացումն ինձ պատեց, երբ Նիկա Ղազարյանը հպարտությամբ ասաց՝ Թո՛ղ աշխարհում բոլորը լա՛վ ճանաչեն  հայերին, Արարչաստեղծ  առաջին երկիր Հայաստանը:

 Նիկա Ղազարյան, 15 տարեկան, Վրաստան, Թբիլիսի

-Շատ հետաքրքիր ծրագիր է, սիրով եմ մասնակցում, շատ ընկերներ ունեմ արդեն: Այս ծրագիրը ոչ միայն հայրենաճանաչության առումով է հետաքրքիր, այլև՝ հայրենասիրության դասեր տալու: Ես հաճախում եմ ոչ հայկական դպրոց, իսկ բարձրագույն կրթությունս որոշել եմ ստանալ Հայաստանում. Թիֆլիսում երգում եմ եկեղեցում: Մենք բոլորս հրաշալի խոսում ենք հայոց լեզվով, սակայն Երևանում շատերին թվում է, թե Թիֆլիսում ապրողներս հայերեն չգիտենք, բայց մենք ոչ միայն խոսում ենք մայրենիով, այլև՝ զտարյուն, հպարտ հայեր ենք: Իմ կարծիքով Թիֆլիսի հայերն ավելի  ջերմ բնավորություն ունեն: Շատ կարևոր է, որ աշխարհում ապրող բոլոր հայերն իրար սիրեն, միասնական լինեն, իրար ձեռք մեկնեն, մտածեն Հայաստանը հզորացնելու մասին: Ես չեմ ուզում տարբերություն դրվի Հայաստանի և Սփյուռքում ապրող հայերի միջև. մենք բոլորս նույն ազգությանն ենք պատկանում, քրիստոնյա ենք: Երիտասարդությունը մեծ ուժ է, ապագան մե՛րն է, պետք է իրար ճանաչենք, սովորենք մեկս մյուսից. այս առումով ևս «Արի տուն»-ը հրաշալի նախաձեռնություն է:

Մեր զրույցին  միացան նաև  Թբիլիսիից  ծրագրին մասնակցող  Թորոսյան քույրերը, ովքեր, չնայած ռուսական կրթությանը, ոչ միայն հրաշալի խոսում էին հայերենով, այլև  իրենց հայեցի նկարագրով ու  խելացի տրամաբանությամբ հավաստում էին, որ  հայի տաղանդը, շնորհքը կարող է ծաղկել աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած քաղաքում, ցանկացած տարիքում: Աղջիկները գոհունակությամբ էին խոսում ծրագրի շրջանակներում ունեցած շրջագայությունների մասին, կիսվում իրենց տպավորություններով, զգացումներով…«Հրաշալի ծրագիր, հրաշալի մարդիկ, գեղեցիկ ամառ, համեղ ջուր, սննդարար ուտելիք, գեղեցիկ մայրաքաղաք. ամեն ինչ տպավորիչ է»,-ասում են աղջիկներն ու մեկը մյուսին հերթ չտալով ՝շարունակում արտահայտել իրենց գոհունակությունը:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up