Մենք՝ հայերս, ամուր և հզոր, հպարտ և ուժեղ ենք մե´ր հողի վրա, մե´ր հայրենիքում. «Արի տուն-2017»
Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն՝
Գիրքը , Մասիսը, շինարար ոգին,
Հավատը, լեզուն…
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
ԵՎ ամենից վեր, ամենից լուսե՝
Մայր հայրենիքը….
Այս առաջաբանով սկսվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի 3-րդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացի հրաժեշտի դասը, որը հագեցած էր հայրենասիրական ոգեշունչ բանաստեղծություններով, ազգային երգ ու պարով:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ աշակերտները հիացած էին հայ ժողովրդի պատմությամբ, հայ ոգու աննկուն, պայքարող, զորեղ տեսակով: Նրանք հպարտ էին, որ հայ ժողովրդի մի մասնիկն են, նրա զավակը: Ուսուցիչների հավաստմամբ՝ Շողիկ Փահլևանյան, Լուսինե Հայրիյան, Գևորգյան Նարինե, Գևորգյան Մաքրուհի, Բարսեղյան Գայանե, Թաթոսյան Լենա, Օհանյան Աիդա, Ստեփանյան Վալյա, Բաբլոյան Գայանե, այդ դասընթացը լիովին ծառայեց իր նպատակին, որտեղ յուրաքանչյուր ուսուցիչ, կիրառելով տարբեր մեթոդական հմտություններ, աշակերտներին հաղորդակից դարձրեց մայրենիին՝ սկսած տառերի ուսուցումից:
Արիտունցիներն իրենց տպավորություններն ու զգացողություններն արտահայտեցին բազմաթեմա և բազմաբովանդակ պաստառների միջոցով: Հատկապես հուզիչ էին ձեռք-ձեռքի տված, միասնություն խորհրդանշող և տունդարձի ճամփան բռնած կռունկների երամը պատկերող պաստառները:
Այսպիսով՝ «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին մասնակից 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ համոզվեցին, որ, այո՛, մենք՝ հայերս, ամուր և հզոր, հպարտ և ուժեղ ենք մե՛ր հողի վրա, մե´ր հայրենիքում, մե՛ր հավատքով, մայրենի՛ լեզվով: