Միանգամից արժանացա հյուրընկալ ընտանիքի ջերմ ու անկեղծ վերաբերմունքին.«Արի տուն-2016» ծրագրի մասնակից

Ջուլյա Բերգամալյանը Ստամբուլում է ապրում, որտեղ հայեցի կրթություն ստանալու համար՝ «Հրանտ Դինք» հայկական վարժարան է հաճախում: Խոսելով դպրոցական օրերի մասին՝ Ջուլյան «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց, որ հետաքրքիր առօրյայով են ապրում, ժամանցն ապահովելու համար՝ շաբաթ և կիրակի օրերին աշակերտներով գնում են պտույտների, որից հետո նոր լիցքերով՝ շարունակում են կրկին դպրոց հաճախել:
«Արի տուն» ծրագրի մասին միշտ լսել է, գիտի, որ այն նպաստում է հայրենասիրության ամրապնդմանն ու Հայաստանը նորովի ճանաչելուն:
Ժամանակի ընթացքում ծրագրի մասին միշտ համակարգչի միջոցով տեղեկություններ է ստացել: Նրան հետաքրքրել է հատկապես ճամբարային օրերն ու այն, որ սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալ ընտանիքում են բնակվում: Այդ ամենից խանդավառված՝ դիմել է ծնողներին, որպեսզի ծրագրին մասնակցելու համար քայլեր ձեռնարկեն, որպեսզի ծրագրի մասին լիարժեք պատկերացում կազմի:
Գալով Հայաստան՝ նկատել է, որ մեկ տարվա ընթացքում (2015թվականի ամռանը նույնպես այցելել է-հեղ.) բավականին փոփոխություններ են եղել, նոր շինություններ ու ժամանցի վայրեր է տեսել, ինչը նրան շատ է ուրախացրել:
Զարգացած, առաջադեմ, առավել մրցունակ Հայաստան ունենալը Ջուլյայի երազանքն է: Կարծում է՝ մեզանից յուրաքանչյուրն իր աշխատանքով, ձեռնարկած քայլերով պետք է նպաստի մեր պետության առաջընթացին: Ամենից շատ՝ ցանկանում է, որ հայ ժողովուրդը խաղաղ, ապահով երկնքի տակ ապրի և նրա հետ ոչ մի դժբախտություն չպատահի:
Ջուլյան, խոսելով հյուրընկալ ընտանիքի մասին, հետևյալն ասաց. «Սկզբում մտավախություն ունեի, թե հյուրընկալ ընտանիքն ինձ ինչպես կընդունի, արդյոք կկարողանա՞նք մտերմանալ: Սակայն կասկածանքներս փարատվեցին, երբ այդ ընտանիքի ջերմ ու անկեղծ վերաբերմունքին արժանացա: Ընտանիքի մայրն ու հայրը՝ Տատյանան և Արկադին, միանգամից ծանոթացրին իրենց դստեր հետ, որն իմ տարիքին է: Ծանոթության առաջին րոպեներից՝ ոչ միայն մտերմացանք, այլև լավ ընկերներ դարձանք»,-ասաց Ջուլյա Բերգամալյանը:
Գևորգ Չիչյան