Հայ ճարտարապետներն աշխարհում. Վիգեն և Րաֆֆի Թարխանյան եղբայրներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/Թարխանյան6.jpg)
2015 թվականին Լիբանանում բացված Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանը ո´չ միայն կենդանի հիշատակարան է Ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 միլիոն նահատակների, այլև խոսուն վկայությունն է հայ ժողովրդի վերածննդի: Թանգարանի նախագծման և դիզայներական աշխատանքների կատարումը վստահվել էր «Դունբեյթ» ընկերությանը, որի համանախագահներ Րաֆֆի և Վիգեն Թարխանյանների հետ զրուցել է «Հայերն այսօր»-ը:
– Իբրև սկիզբ. որտեղի՞ց է սերում Թարխանյան ազգանունը: Կխնդրեի ներկայացնեք Ձեր ընտանիքի, նախնիների պատմությունը:
– Մեր ընտանիքի արմատները գալիս են Ուրֆայից: Մեր մեծ հայրը` Գևորգը, Ուրֆայում ամուսնացել է Խաթուն անունով հայուհու հետ: Նրանք Հայոց ցեղասպանության հետևանքով տարագրվել են իրենց հայրենիքից և հասել Բեյրութ՝ Զոքաք Էլ Բլաթի շրջանը: Մեծ հայրս ունեցել է հինգ զավակ` երկու տղա, երեք դուստր:
Հայրս՝ Հակոբ Թարխանյանը, ծնվել է Բեյրութում, որտեղ և ծանոթացել է մորս`Մանուշակ Ներսեսյանի հետ և ընտանիք կազմել: Աստված երեք զավակ է պարգև նրանց՝ Վիգեն, Կարոլին և Րաֆֆի: Հայրս եղել է Լիբանանի նախագահական պալատի պաշտոնական լուսանկարիչը, լրատվական բաժնի պատասխանատուն: Լուսանկարչությունը միշտ էլ ներկա է եղել մեր գերդաստանի արմատներում: Հորեղբայրս՝ Գրիգոր Թարխանյանը, Լիբանանի Հանրապետության առաջին նախագահ Բշարա Խուրիի ժամանակաշրջանից եղել է նախագահական պալատի պաշտոնական լուսանկարիչը: Ավելի ուշ հայրս եղել է Լիբանանի նախագահ Շառլ Հելվի պաշտոնական լուսանկարիչը: Այս պաշտոնը նա վարել է մինչեւ 1990-ական թվականները: Հայրս մշտապես ներկա է եղել նախագահների հանդիպումներին, խորհրդակցություններին: Մամուլում ծանոթ անուն էր: Նա ոչ միայն կազմակերպում էր պետական հեռուստատեսության կայանի պաշտոնական նկարահանումները, այլև մշակում էր Արաբական աշխարհին ուղարկվող պաշտոնական հաղորդագրությունները: Հանրապետության նախագահի բոլոր տեղեկությունները փոխանցում էր Արաբական աշխարհին և Արևմտյան լրատվական աղբյուրներին: Հայրս վայելում էր իշխանության վերնախավի վստահությունը: Նա իր վայելած հեղինակության շնորհիվ հայկական բոլոր տոները, առիթները հնչեցնում էր մամուլով և լսատեսաողական բոլոր աղբյուրներով՝ սկսած ապրիլ 24-ից, հայկական Սուրբ Ծնունդից և այլն:
– Սփյուռքում (այս պարագայում՝ Լիբանանում) ապրողի համար ի՞նչ է ազգանվան «յան» մասնիկը՝ հիշողությո՞ւն, նախնիներին կապող օղա՞կ, ինքնության կրի՞չ, դիմացինից տարբերվելու առի՞թ, թե՞:
– «Յան»-ը հայի ինքնության կնիքն է, նաև հա´յ զգալու, հա´յ ապրելու շարունակականության արտահայտությունն ու հպարտության երաշխիքը: «Յան»-ը անջնջելի կնիք է՝ հայ դասվելու: Միաժամանակ այն իր մեջ պահպանում է ազգային քրիստոնեական կնիքը:
– Այժմ կխնդրեի, որ պատմեք «Դունբեյթ Դիզայն» ընկերության մասին. ե՞րբ է հիմնադրվել, ի՞նչ գործունեություն է ծավալում և ո՞ր երկրներում:
– Ես`Վիգեն Թարխանյանս, իբրև ճարտարապետ՝ 1997-ին ավարտել եմ Պալամանտ համալսարանի ճարտարապետության Academie Lebanaise Des Beaux-Arts (ALBA) բաժինը: Եղբայրս՝ Րաֆֆին, 2001-ին ավարտել է USEK-ի համալսարանը: Պատվո հիշատակությամբ վկայված է՝ իբրև ներքին ճարտարապետության ձևագետ-տեսագրող, պատկերագրող մասնագիտությամբ:
2000-ականների սկզբին որոշեցինք ճարտարապետության և ներքին ճարտարապետության հաստատություն հիմնել՝ այս կերպ շարունակելով մեր մեծ հոր (մորս հոր)՝ մշեցի Հրանտ Ներսեսյանի ավանդույթը, դառնալ նրա ժառանգորդը: Մեր հաստատության «Doonbeyt» անունը արտահայտում է տուն և բնակարան բառերի հայերեն և արաբերեն իմաստները՝ անգլերեն տառերով:
Մեծ հայրս շատ հայասեր մարդ է եղել, ինչպես նաև բարերար: Ուսում ստանալու առիթ չունենալով` նա խիզախ նկարագրի շնորհիվ ինքնաշխատությամբ մուտք է գործել շինարարության ասպարեզ և ձեռք բերել մեծ հաջողություն: Դժբախտաբար, համեմատաբար շուտ է մահացել՝ 52 տարեկանում: Ճարտարապետի մասնագիտությունը մենք ընտրել ենք՝ նրանից ներշնչվելով: Ուղղամիտ և պարտաճանաչ անձնավորություն է եղել, իր պարկեշտ և ազնիվ նկարագրի շնորհիվ վայելել շրջապատի հարգանքը:
Մենք՝ իբրև նրա ընտանիքի զավակներ, պատասխանատվություն զգացինք շարունակելու նրա աշխատանքը, նվիրումը և ավանդույթը՝ փորձելով ավելի զարգացնել նրա հարթած ճանապարհը: Ներշնչվեցինք նրա բարձր ճաշակով, բծախնդիր աշխատանքով: Պետք է ընդունենք, որ նրա աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել մեր գործելաոճի վրա:
Հայկական ոճով ստեղծագործական աշխատանքը եղել է Doonbeyt Design s.a.r.l. հաստատության հիմնաքարը: Մենք մե´ր աշխատանքով ենք ապացուցում մեր խոսքը: Doonbeyt Design s.a.r.l. հաստատությունը ձեռնամուխ է եղել բազմաթիվ մրցանակակիր աշխատանքների ծրագրավորման և իրագործման: Այս շրջանակներում արժե նշել Լոնդոնի International Property Awards մրցանակը:
Մեր հաստատության կենտրոնավայրը` գրասենյակը, գտնվում է Բեյրութում՝ Լիբանանում: Սակայն մեր աշխատանքի դաշտը բավականին լայն է: Աշխատել ենք Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Եգիպտոսում, Շվեյցարիայում, Սերբիայում և այլուր: Մեր աշխատանքին ծանոթ են Միջին Արևելքի և եվրոպական բազմաթիվ երկրներում: Մեր համբավը և արմատները տարածված են Միջին Արևելքում և Եվրոպայում: Արժանացել ենք բազմաթիվ մրցանակների:
Մեր աշխատանքը և գործունեությունը գլխավորաբար կենտրոնացած է հինգ ոլորտներում. ճարտարապետություն (Architecture), ներքին ձևագիտություն (Interior Design), որի տեսակները բազմաթիվ են ՝ գերարդիական լուծումներ, պալատների, ապարանքների, գրասենակների ներքին հարդարումներ), քաղաքաշինություն (Urban Planning), ինքնասպասարկող ճարտարագիտություն (Robotic) և բնավայրերի կառուցում (Landscape):
Նշենք, որ այս ծրագրերի շնորհիվ արժանացել ենք զանազան մրցանակների: Մեր աշխատանքները ներառում են կառուցման և վերանորոգման ծրագրեր, գերարդիական շքեղ ապարանքներ և թանգարաններ, պանդոկ, առևտրական կենտրոններ (մոլ), ավտոմեքենաների ցուցասրահ, ոսկերչական խանութներ, արհեստանոցներ:
Մենք մեր փորձառությամբ և աշխատակազմով մշակում ենք ծրագրեր և սեփական միջոցներով իրագործում դրանց գործարկումը: Վերջերս, իբրև Doonbeyt Design s.a.r.l. հաստատության համահիմնադիրներ, մենք՝ Վիգեն և Րաֆֆի Թարխանյաններս, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով վերանորոգեցինք Անթիլիասի հուշարձան մատուռը, ինչպես նաև կառուցեցինք Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանը:
– Հայկական իրականության մեջ Թարխանյան ազգանունը հատկապես ճանաչելի դարձավ «Արամ Պեզիքյան» անունը կրող Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցմամբ, որի բացումը կատարվեց 2015 թվականին: Ի՞նչ է Ձեզ համար այս աշխատանքը (մասնագիտական և հուզական առումով): Ինչի՞ շնորհիվ, կարողացաք կերտել մի կառույց, որն այսօր շատերին է հուզում ո´չ միայն իր նշանակությամբ, այլև ճարտարապետական լուծումներով:
– Նախքան հայկական միջավայրում ճանաչվելը, մեզ արդեն ճանաչում էին օտար շրջանակներում: Մենք հայրենիքում ճանաչվեցինք Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանի և Անթիլիասի մայրավանքի Նահատակաց հուշարձանի վերաձևավորման և վերանորոգման առիթով: Այս աշխատանքը կատարվեց Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառի հանձնարարությամբ և նախաձեռնությամբ: Սակայն ցանկանում ենք արձանագրել, որ նախապես, 2000 թվականից սկսած, զանազան նորոգություններ ենք կատարել Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքին բաժիններում, վերանորոգել ենք նաև վերջինիս գրադարանը: Վերին մարմինների խնդրանքով՝ եկեղեցու բարեզարդության, վերանորոգության արհեստագիտական լուծումներով զանազան ծրագրեր ենք մշակել՝ ապագայի նախատեսություններով:
Մենք հպարտ ենք, որ մեր աշխատանքը հայկական միջավայրում սկսել ենք հայ եկեղեցու ճանապարհով: Եկեղեցին մեզ համար հավատքի ներշնչման, ազգային ինքնությունը, արմատները պահպանելու խորհրդանիշ է: Միաժամանակ քրիստոնեական դաստիարակության աղբյուր:
– Հայկական իրականության, պատմությանը կամ մշակույթին առնչվող ուրիշ ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել:
– Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանդիսությունների նախապատրաստության շրջանակներում 2013 թվականին Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառի հովանավորությամբ, Պեզիքյան ընտանիքի բարերարությամբ հիմնական փոփոխությունների ենթարկվեց Անթիլիասի մայրավանքի հուշարձան-մատուռը: Մեզ հանձնարարվեց հուշարձան-մատուռի վերաշինությունը: Հատակագիծի պատրաստությունը, ոճային նորարարությունները կատարեց ներքին ճարտարապետ Ռաֆֆի Թարխանյանը: Մատուռի վերաշինության ճարտարապետական լուծումների ձևավորումը կատարեց Վիգեն Թարխանյանը: Մատուռի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 24-ին:
Մենք իբրև նվիրական պարտք ընդունեցինք վերաշինության այս աշխատանքը: Մեր լուծումների մեջ փնտրեցինք այն ճանապարհը, որը անաղարտ պիտի պահեր նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում բախտավորություն ունեցանք նաև կառուցելու Լիբանանի ծովեզրյա Ժիբեյլ քաղաքի հանրածանոթ Թռչնոց Բույն անունը կրող որբանոցի, Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանը, ինչպես նաև վերակառուցել Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի մայրավանքի Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Սփյուռքում գտնվող առաջին հուշարձան-մատուռը:
Մենք համոզված ենք, որ օտարազգիները պատմական նշանակություն ունեցող այս երկու սրբավայրեր այցելելով՝ պիտի ծանոթանան մեր ժողովրդի տառապանքներին, Ցեղասպանությունը վերապրող ժողովրդի պահանջատիրության և պիտի միանան մեր իրավունքների պաշտպանությանը:
Երբ առաջարկ ներկայացավ ստանձնելու Թռչնոց Բույնի վերանորոգությունը, հատակագիծի մշակումը, թանգարանի շինարարությունը և այս բոլորի վերահսկողությունը, համոզվեցինք, որ մեզ ներկայացել է աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ հղելու պատեհություն: Արդարև, 2750 քառակուսի մետրի վրա երկարող այս համալիրը դարձավ հայկական ավանդական և արդի ճարտարարվեստի յուրօրինակ համադրություն:
Թռչնոց Բույնի «Արամ Պեզիքյան» նորակառույց թանգարանը դիտվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Սփյուռքի առաջին թանգարանը: Թանգարանի բացումը կատարվել է 2015 թվականի հուլիսի 18-ին:
Այս առիթով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գնահատելով մեր ճարտարապետական, ձևագիտական, գծագրական ոլորտում ունեցած ստեղծագործական հաջողությունները, ինչպես նաև Սփյուռքում հայ արվեստը տարածելուն և ծանոթացնելուն ուղղված մեր գործունեությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ունեցած ներդրումը` մեզ պարգևատրեց «Արշիլ Գորկի» մեդալով: Պարգևատրությունը տեղի ունեցավ Հայաստանի պետական ավագանու ներկայությամբ, Հայաստանի վարչապետի, նախարարների, Երևանի քաղաքապետի, Արցախի նախարարների, պատգամավորների, մտավորականների, ճարտարապետների, արվեստագետների ներկայությամբ՝ պաշտոնական հանդիսության ընթացքում (կից կարող եք դիտել տեսանյութը՝ https://youtu.be/UGh8krlnCQY):
– Հայկական ճարտարապետությունն առանձնանում է իր յուրօրինակ ոճով: Ձեր աշխատանքները ստեղծելու ժամանակ արդյոք օգտվո՞ւմ եք այդ ավանդույթներից:
– Եթե հետևեք մեր արտասահմանյան բոլոր նախաձեռնություններին, մեր բոլոր աշխատանքներում անխտիր պիտի զգաք հայ մշակույթի շունչը: Մեր ստեղծագործություններում հայկական շունչը մնայուն ներկայություն է: Սա բնական է, որովհետև մենք ապրում և շնչում ենք իբրև հայ: Մեր աշխատանոցում միշտ հնչում է հայկական երաժշտություն: Մեր գրասենյակների պատերին տեղ են գտել հայ նկարիչների գործերը, մեր գրադարանում՝ հայ գրողների գրքերը, մեզ հետ են հայ մշակույթի գանձերի ստեղծագործությունները: Մեր աշխատանքի մեկնաղբյուրը հայկականությունն է, որը և հնչում է մեր աշխատանքների մեջ: Անգամ օտարների համար մեր իրագործած ծրագրերում կտեսնեք հայկական ոգի:
– Համագործակցո՞ւմ եք արդյոք Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության հետ:
– Բնականաբար: Մենք անդամակցում ենք Ճարտարապետների համահայկական ընկերակցությանը՝ իբրև Լիբանանի ներկայացուցիչներ: 2015 թվականին մասնակցեցինք Ճարտարապետների 3-րդ համահայկական խորհրդաժողովին և հեռացանք սքանչելի տպավորություններով: Տարբեր մշակույթի պատկանող անձնավորություններ այցելում են Հայաստան, ծանոթանում հայրենիքին, միմյանց: Այս բոլորը մեծապես նպաստում են Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների զարգացմանը: Այս ամենի համար, բնականաբար, պարտական ենք Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որը ոչ միայն Սփյուռքը միացնում է հայրենիքին, այլև Սփյուռքը` Սփյուռքին:
– Ի՞նչ հաճախականությամբ եք այցելում Հայաստան: Որպես ճարտարապետ՝ ի՞նչ կարող եք ասել Հայաստանի, հատկապես Երևանի արդի ճարտարապետական ոճի մասին: Արդյո՞ք դուք տեսնում եք (կամ Հայաստան այցելողը կարո՞ղ է տեսնել) այն «արևային քաղաք»-ը, որ ցանկանում էր տեսնել Ալեքսանդր Թամանյանը:
– Մենք չորս անգամ ենք այցելել Հայաստան: Պետք է արձանագրել, որ շնորհիվ Ալեքսանդր Թամանյանին, Երևանը ներկայանում է որպես նախկին Խորհրդային Միության ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ իր ճարտարապետական գեղեցիկ լուծումներով: Այո, փոփոխությունները միշտ քննադատության են ենթարկվում: Սակայն նախընտրելի է պատմական ավանդությունները և հավասարակշռությունը պահպանել՝ հնի և նորի լուծումների մեջ: Ներկայիս Երևանը դարձել է արևմտյան չափանիշներով Եվրոպայի գեղեցկագույն քաղաքներից մեկը: Այս իրականության կողքին կա նաև այլ իրականություն՝ ճարտարապետների նոր սերունդ: Մեր երիտասարդ ճարտարապետները, բնական է, ունեն իրենց սեփական ոճը: Անհրաժեշտ է աշխատանքի միջոցներ ստեղծել մեր երիտասարդ ճարտարապետների համար, որպեսզի ցույց տան իրենց տաղանդը, ոճը և երազները:
– Այսօր աշխարհի տարբեր երկրներում շատ հայտնի հայ ճարտարապետներ կան: Նրանք ի՞նչ կարող են անել Հայաստանի համար: Նրանց հնարավորությունները, փորձը ինչպե՞ս է հնարավոր օգտագործել:
– Այս հարցին պատասխանելուց առաջ ցանկանում ենք մեկ անգամ ևս գնահատել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ աշխարհասփյուռ հայերի, տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովները, որոնց մեջ նաև` ճարտարապետների խորհրդաժողովները: Այս աշխատանքը հնարավոր չէ խոսքերով գնահատել: Նման խորհրդաժողովները, ինչպես վերևում էլ նշեցինք, ո´չ միայն հայրենիքն են ծանոթացնում Սփյուռքին, այլ` Սփյուռքը՝ Սփյուռքին:
Ճիշտ է, երբ ասում եք, որ բազմաթիվ հռչակավոր ճարտարապետներ ունենք Սփյուռքում, անհրաժեշտ է կողք-կողքի բերել նրանց: Վստահ ենք, որ նմանօրինակ հանդիպումները Սփյուռքի և Հայաստանի ճարտարարապետների փորձի փոխանակման լավագույն առիթը կարող են լինել: Ճարտարապետությունը շատ է զարգացել Հայաստանում, հետևաբար, կարելի է փորձի լայն փոխանակում կատարել, ինչից, անկասկած, պիտի օգտվեն բոլորը:
– Արդյոք մտածե՞լ եք Հայաստանում որևէ աշխատանք կատարելու մասին: Սպասելի՞ է նման որոշում:
– Մեր կարծիքով Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի երազն է ներդրում ունենալ հայրենիքի բարգավաճմանը: Վերջին անգամ երբ 2016 թվականին այցելեցինք Հայաստան, այդ ընթացքում նախարարների, պատգամավորների, գործարարների, նախաձեռնողների, ճարտարապետների և այլ ոլորտներում ծառայող մարդկանց հետ ծանոթություններ ստեղծեցինք: Մեզ ներկայացվեցին զանազան ծրագրեր: Մենք տակավին ուսումնասիրում ենք դրանք: Հարմար պահի անկասկած հայրենաշինության մեջ պիտի մեր լուման բերենք:
Լուսինե Աբրահամյան