ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի առաջին օժանդակությունը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում
«Հայերն այսօր»–ը տեղեկացրել էր, որ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղը միացել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը:
Այդ շրջանակներում մայիսի 4-ին Բուենոս Այրեսում, մայիսի 6-ին, Կորդոբայում տեղի են ունեցել ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի համերգները: Երաժշտական կատարումներով հանդես են եկել «YANNI» նվագախմբի ջութակահար Սամվել Երվինյանը, արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, դաշնակահար Արմեն Կուզիկյանը, իսկ Կորդոբայում՝ հայկական պարերի կատարումներով նրանց է միացել «Արարատ» պարախումբը (ղեկավար՝ Վերոնիկա Կարադախյան):
Համերգներից գոյացած ողջ հասույթով երաժշտական գործիքներ են գնվելու Արցախի երաժշտական դպրոցների համար:
Արձագանքները չուշացան.Գագիկ Գասպարյանի տեղեկացմամբ՝ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի օժանդակությամբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցն արդեն նոր դաշնամուր ունի:
Այս առիթով Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսեն Թելունցը «Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում իր շնորհակալությունն է հայտնել արգենտինաբնակ հայրենակիցներին բարեգործության համար՝ նշելով, որ այս ձեռնարկը նպաստեց հասկանալու, որ միայնակ չեն և իրենց խնդիրներին լուծում է տրվում: Նա նշեց նաև, որ երաժշտական գործիքի առկայությունը դպրոցում փաստում է ոչ միայն դրա անհրաժեշտության, այլև՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք իրատեսական կապերի մասին:
Հավելենք, որ դաշնամուրը նախատեսված է դպրոցի բոլոր աշակերտների, ինչպես նաև՝ արտադասարանական երաժշտական խմբակ հաճախող երեխաների համար: