Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նայմեխենում

Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունը նույնպես միացավ աշխարհասփյուռ հայերի կողմից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով կազմակերպվող միջոցառումներին՝ ցույցեր, դասախոսություններ, գրական-գեղարվեստական ցերեկույթներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլն:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 30-ին «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունը կազմակերպել էր գրական-գեղարվեստական հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը: 102 տարիների ընթացքում աշխարհի միլիոնավոր մարդիկ ու տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, բայց հայ ժողովուրդը շարունակում է պահանջել մյուսներից ևս, հատկապես՝ Թուրքիայից, ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Սրբացնելով 1. 500 000 զոհերին, մենք մինչև վերջ շարունակելու ենք պահանջատեր լինել մեր իրավունքների նկատմամբ ու Օսմանյան Թուրքիայից պահանջել փոխհատուցել հայ ժողովրդի ֆիզիկական, մշակութային ու նյութական ցեղասպանության համար:
«Միացյալ Հայերը Հոլանդիայում» միությունը, որդեգրելով կրթա-մշակութային հակվածութուն, ամեն տարի ապրիլի 24-ին, բացի այլ կազմակերպությունների ձեռնարկներին մասնակցությունից, իր միջոցառումներում շեշտը դնում է Թուրքիայի կողմից հայ ժողովրդի մշակույթի ու նյութական արժեքների նկատմամբ կատարած ցեղասպանության փաստի վրա:
Միության ծրագիրը բացեցին Վան դպրոցի աշակերտների մի խումբ՝ խոնարհվելով ու սպիտակ մեխակներ դնելով ցեղասպանության հուշարձանի մակետին, հնչեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Հոլանդիայի փոխանորդ Հոգեշնորհ Տեր Առեն Վրդ. Շահինյանի և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի խոսքը, ասմունքեցին ու երգեցին կազմակերպության մի քանի անդամներ. հնչեցին Վ. Դավթյանի, Հ. Շիրազի, Գ. Էմինի, Պ. Սևակի և այլ հեղինակների ստեղծագործություններ: Ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, ելույթ ունեցան Ամստերդամի «Անի» պարի խումբը՝ բեմադրված պարեր ներկայացնելով Հայոց ցեղասպանության թեմայով:
Միջոցառմանը մասնակցում էին անդամներ Նայմեխեն քաղաքի քրդական, աֆղանական համայնքներից, հոլանդացիներ ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
Վերջում մատուցվեց ավանդական հարիսան՝ ի հիշատակ 1,5 մլն զոհերի:
Հատուկ շնորհակալություն «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության խորհրդական Գայանե Աբրահամյանին: