Մյունխենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին պատարագ է մատուցվել

Ապրիլի 23-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի Սուրբ Աննա եկեղեցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Պատարագիչը Բավարիայի հոգևոր հովիվ Տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանն էր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մյունխենի հայկական համայնքից:
Պատարագից հետո Մյունխենի հայ հայրենակցական միության, Մյունխենի ՀՄԸՄ-ի և Մյունխենի եկեղեցական վարչությունների աջակցությամբ հիշատակի միջոցառում է տեղի ունեցել: «Կոմիտաս» երգչախումբը կատարել է օրը խորհրդանշող երգեր, ՀՄԸՄ-ի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության եղերական էջերից պատմական փաստեր են ներկայացրել, իսկ Հայ հայրենակցական միության «Անուշ» գեղարվեստական խմբի պատանիներն ասմունքել են:
Այս անգամ նույնպես «Անուշ» պարախմբի գեղարվեստական ղեկավար Անուշ Չախալյանը, հավատարիմ մնալով իր խոստումին, հիշատակել է Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին և ներկաներին իրազեկել ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման մասին:
Տասներկուամյա Էմմի Խաչինյանն ասմունքել է Անուշ Չախալյանի հեղինակած «Նրանք ապրում են մեր սրտերում» բանաստեղծությունը: Վերջում մյունխենահայերը հայ նահատակների հոգիների հանգստության համար հոտնկայս աղոթել են: