«Ես սիրո՛ւմ եմ քեզ, իմ Հայաստան, ես սիրո՛ւմ եմ քեզ, իմ մայրիկ».արգենտինահայ լրագրող Կլաուս Լանխե Հազարյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/IMG_3030.jpg)
102 տարի առաջ աշխարհի պատմության էջերին խարանված Հայոց ցեղասպանության եղերական 1915 թվականը դարձավ Երկիր մոլորակին դարեր շարունակ ուղեկցող ամոթի դաջվածքը, իսկ մեզ՝ հայերիս համար, չսպիացող վերք ու ծխացող հիշողություն… այդ հիշողության միջով սերունդներ եկան ու անցան, ապրեցին ու ապրում են նրանք աշխարհի տարբեր ծագերում, ստեղծագործում, ներկայացնում հային ու Հայաստանը, պատմում իրենց արմատների մասին: Այդպիսի ՝ մայրական կողմից ծագումով հրաշալի հայի ՝ արգենտինահայ ճանաչված լրագրող Կլաուս Լանխե Հազարյանի հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալվեց իմ հարցազրույցը:
-Բարո՛վ եք եկել Հայաստան. ես հիացած եմ Ձեր ստեղծած համացանցային «Ես հայ եմ» (soyarmenio.com.ar) կայքով, որի 6 բաժիններից երեքը նվիրված են Հայաստանին, Արցախին, Հայոց ցեղասպանությանը. ո՞վ է Ձեր մեջ այդքան սեր սերմանել հայի ու Հայաստանի հանդեպ:
-Դրա աղբյուրը մայրական կողմից հայկական արյուն ունենալս է, ինչպես նաև այն խնդիրը, որ Սփյուռքում քիչ տեղեկատվություն կա Հայաստանի մասին: Առաջին խնդիրը լեզուն է. հիմնականում այդ տեղեկատվությունը տեղ է հասնում ռուսերենով, ֆրանսերենով, իսպաներենով, անգլերենով: Հայերի երրորդ, չորրորդ սերնդի ներկայացուցիչ մի քանի ընկերների հետ համախմբվեցինք. քանի որ ես լրագրող եմ, նրանք խնդրեցին, որ միավորվենք և ստեղծենք մի այնպիսի կայք, որը նվիրված կլինի Հայաստանին, որտեղ մարդիկ կկարողանան հոդվածներ, լուրեր կարդալ Հայաստանի, Արցախի մասին: Արդեն 5 տարի է, ինչ գործում է այդ կայքը:
-Իսկ արգենտինացիները հետաքրքրվա՞ծ են հայերով, Հայաստանով, Արցախ աշխարհի խնդիրներով:
-Այո՛, շատ հետաքրքրված են. կայքը դուրս է եկել Արգենտինայի սահմաններից, տարածված է նաև Եվրոպայում և հիմնականում՝ իսպանախոս երկրներում, ամբողջ Լատինական Ամերիկայում ու հատկապես՝ Չիլիում:
-Տեղյակ եմ, որ Դուք ևս միացել եք ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը, այդպե՞ս է..
-Ես ունեմ այդ շարժման վերտառությամբ պաստառը. այո՛, միացել եմ շարժմանը, իմ կայքում Արցախին նվիրված հատուկ բաժին ունեմ: Կա նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված բաժին. 102 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, որը մեզ համար միասնության գործոն է դարձել և դրան գումարվել է ղարաբաղյան հարցը, որը, կարծես, նոր սերունդների համար միացման կամուրջ լինի:
-Եղե՞լ եք Արցախում…
-Երկու օրով գնալու եմ Արցախ, ցանկություն ունեմ հանդիպելու Արցախի նախագահին:
-Ապրիլյան օրերին Ձեր մայրիկի հետ եք Հայաստանում, մասնակցեցիք ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» միջոցառմանը, շատ հուզիչ էր Ձեր մայրիկի պատմությունը. կարծում եմ, որ բացի դրանից, ուրիշ առաքելություն էլ ունեք…այո՞…
-Այո՛, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից ուղիղ ռեպորտաժ պետք է իրականացնեմ. ես չեմ եկել որպես զբոսաշրջիկ, ես այցի եմ եկել իմ հայրենակիցների հիշատակը խորհրդանշող հուշահամալիր և պետք է լրագրողական աշխատանք անեմ կայքիս համար, տեղեկատվություն տամ իմ կայքի ընթերցողներին:
-Պարո՛ն Հազարյան, կիսով չափ հայ եք, բայց կարծես թե չգիտեք հայերեն…
-Դրա պատճառը դարձյալ Հայոց ցեղասպանության հետևանքն է. Ցեղասպանությունն իր հետ բերեց նաև լեզվական խնդիր, որովհետև մարդիկ վախենում էին խոսել հայերեն, վտանգավոր էր, այդ պատճառով էլ մայրս չխոսեց, ավելի ճիշտ՝ շատ քիչ խոսեց հայերենով:
Մեր հարցազրույցի վերջում պարոն Կլաուսը հայերենով արտաբերեց երկու հաճելի ու կարևոր արտահայտություններ՝ Ես սիրո՛ւմ եմ քեզ, իմ Հայաստան, ես սիրու՛մ եմ քեզ, իմ մայրիկ…
Զրուցեց Կարինե Ավագյանը