«Սփյուռքում եկեղեցու ծոցում ենք գտել մեր ինքնությունը և այն պահպանելու խորհուրդը».Տեր Ներսես քահանա Խանանյան
Սփյուռքում ազգային ներուժի համախմբման, հայապահպանության ու մատաղ սերնդին քրիստոնեական դաստիարակություն տալու հարցում, անխոս, անուրանալի է Հայ առաքելական եկեղեցու դերը: Հայ եկեղեցին գործուն մասնակցություն է ունենում նաև եկեղեցիներին կից դպրոցների, կրթական այլ հաստատությունների ստեղծման և զարգացման գործում, որոնց անհրաժեշտությունը առավել քան երբևէ ժամանակի հրամայական է:
Այս և առանցքային այլ հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ը զրուցել է ՌԴ Տվեր քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Խանանյանի հետ:
–Տե՛ր Ներսես, ի՞նչ աշխատանքներ են տարվում Սփյուռքում, մասնավորապես՝ Տվեր քաղաքում, ազգային ներուժի համախմբման, հայի ինքնության, հոգևոր արժեքների պահպանման ու տարածման, ինչպես նաև՝ հայությանը Մայր եկեղեցու շուրջ համախմբելու համար:
-Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ՝ Հայ եկեղեցու առաքելությունը սփյուռքահայության կյանքում անփոփոխ է. այն եղել և մնում է հայության ինքնության պահպանման երաշխիք, փրկության փարոս, առաջնորդող ուժ դեպի ապահով ու բարօր ժամանակներ: Ինչպես անցյալում ենք եկեղեցու ծոցում գտել մեր ինքնությունը և այն պահպանելու խորհուրդը, այնպես էլ՝ այսօր, մեր հայրերի ուխտին հավատարիմ՝ հայությունը համախմբված է եկեղեցու շուրջ:
Մեր հոգևոր կյանքը, մշակույթն ու պատմությունը կերտելու ճանապարհները տարբեր են ու բազմազան`կազմակերպում ենք հոգևոր զրույցներ, եկեղեցական և ազգային տոներին նվիրված միջոցառումներ:Անշուշտ, նաև մեծ դեր ու նշանակություն ունի հատկապես մատաղ սերնդի հոգևոր դաստիարակությունն ու կրթությունը, քահանայի ամենօրյա անձանձիր աշխատանքը համայնքի յուրաքանչյուր անդամի հետ։
–Տվերի հայ երիտասարդներն այցելու՞մ են եկեղեցի, հոգևոր կյանքով ապրու՞մ են:
-Ընդամենը երեք ամիս է`ինչ Տվերի հայկական եկեղեցում ամենօրյա ժամերգություններ են կատարվում ու կիրակնօրյա պատարագներ մատուցվում: Դեռ չեմ կարող ասել, որ եկեղեցու՝ դեպի աղոթատուն կանչող ղողանջը հասել է Տվերում ապրող ամեն մի հայ երիտասարդի: Նրանցից շատերի ակտիվությամբ ուրախանալու առիթներ ունեցել եմ: Երբ դեռ չօծված եկեղեցում առաջին անգամ ժամերգություն կատարեցի, ինձ մի խումբ երիտասարդներ մոտեցան և կրոնական թեմայով բազում հարցեր տվեցին՝ քրիստոնեական կյանքով ապրելու, եկեղեցին կանգուն պահելու, հավատքը չուրանալու մասին: Հասկացա, որ երիտասարդները հոգևոր քաղց ունեն ու այդ ծարավը միայն հոգևորականը կարող է հագեցնել։ Զարմանքս միախառնվել էր ուրախությանս հետ այն պարզ պատճառով, որ վիրտուալ իրականության մեջ ապրող երիտասարդը հետաքրքրվում է հոգևոր կյանքով։
Երբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ նշանակվեցի Տվեր քաղաքի հոգևոր հովիվ, առաջին գործս այդ երիտասարդներին եկեղեցի բերելը եղավ: Ստեղծեցի «Վեմ» եկեղեցասեր երիտասարդաց միությունը։ Ի դեպ, միության անունը պատահական չեմ ընտրել:Այս երիտասարդները պետք է լինեն այն հիմնաքարը՝ վեմը, որի վրա կառուցվելու է Տվերի հոգևոր-ազգային կյանքը:
Այսօր արդեն «Վեմի» անդամների շնորհիվ`բազում ծրագրեր ենք իրագործել:Սա գալիս է մեկ անգամ ևս վկայելու, որ հավատքն առանց գործերի մեռած է։ Երիտասարդներն իրենց ոչ միայն քրիստոնյային վայել առաքինի պահվածքով, եկեղեցու հետ ամենօրյա կապ պահպանելով, այլև բարի գործերով վկայում են իրենց ճշմարիտ հավատքի մասին:
–Ե՞րբ է կառուցվել Տվերի Սբ. Հարություն եկեղեցին:
-Տվերի հայկական եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է 2000 թվականին: Բուն շինարարությունը սկսվել է 2007 թվականին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժինը լրամշակում ու հաստատում էր եկեղեցու նախագիծը:
Տվերի հայկական եկեղեցին կառուցվել և նվիրվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700–ամյակին։Հայկական ճարտարապետության ավանդույթներով կառուցված տուֆակերտ եկեղեցին թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի ձեռամբ օծվել և պաշտոնապես բացվել է 2016 թվականի հոկտեմբերի 8 –ին՝ Սուրբ թարգմանիչների տոնին։ Այդ օրից սկսած Հայ Եկեղեցու հաղթական խաչը պարզվեց դեպի երկինք ու հովանի դարձավ քաղաքի հայության համար:
– Ե՞րբ եք սկսել հոգևոր ծառայությունը Տվերում:
-Տվեր քաղաքի հայկական համայնքը միշտ եղել է Եզրաս սրբազանի հոգածու ուշադրության ներքո: Քանի դեռ կառուցվում էր եկեղեցին, Մոսկվայից այցելում էին հոգևորականներ, եկեղեցական արարողություններ կատարում, շփվում համայնքի անդամների հետ, կիսում նրանց հոգսը, օգտակար խորհուրդներով քաջալերում ու մխիթարում մարդկանց։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ Տվերի հայկական համայնքում հոգևորականի ու հավատացյալի միջև կենդանի կապը միշտ եղել է: Երբ արդեն եկեղեցին պատրաստ էր լիարժեք գործելու, թեմի առաջնորդի օրհնությամբ նշանակվել եմ ծառայության՝ որպես մշտական հոգևոր հովիվ:
–Սփյուռքում հոգևորականն ի՞նչ խնդիրների հետ է բախվում:
-Կարծում եմ՝ ամենագլխավոր խնդիրը հայ մարդու մեջ ազգային ինքնագիտակցությունը վառ պահելն է։ Գաղտնիք չէ, որ հայրենիքից հեռու ապրող հայությունը ձուլման եզրին է և հոգևորականը պարտավոր է ու պատասխանատու իր հոտի ամեն մի անդամի համար ոչ միայն հոգևոր սնունդ մատուցելու, Աստծո խոսքը քարոզելու, այլ նաև մարդկանց ազգային գաղափարի շուրջ միավորելու, հայեցի կրթություն ու դաստիարակություն ապահովելու առումով:
–Հայապահպանությանն ուղղված կարևոր նախաձեռնություն է եկեղեցուն կից Հայորդյաց տուն հիմնելը:Ի՞նչ ծրագրերով է կենտրոնը հանդես գալիս:
– Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից ի վեր հայ դպրությունը եղել է մեր ազգային ինքնությունը պահպանող գլխավոր օղակներից մեկը: Սուրբ Հարություն եկեղեցու Հայորդյաց տունը նույն այդ առաքելությանն է ծառայելու: Այն դառնալու է հոգևոր, մշակութային, ազգային, կրթական կենտրոն, որի խնդիրն է սաների մեջ ամուր պահել ու զորացնել սերը դեպի Մայր Եկեղեցին, Հայրենիքը և Մայրենին։
-Նորաստեղծ Հայորդյաց տունը քանի՞ սան ունի և ի՞նչ խմբակներ են գործում:
-Հոգու անհուն ուրախություն է մեզ համար, որ ծնողները գնահատում ու արժևորում են հայեցի դաստիարակությունն ու կրթությունը՝ ոչ մի ջանք չխնայելով հանգստյան օրերին երեխաներին կենտրոն բերելու համար: Հարյուրից ավելի թոթովախոս սան ունենք:Նրանցից շատերը հայերեն գրեթե չգիտեն, հուսամ՝ տարեվերջին մեր ոսկեղենիկ մայրենիով ոչ միայն կաղոթեն, այլև կարտասանեն ու կերգեն: Կենտրոնում դասավանդվում է հայ եկեղեցու պատմություն, հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն, անցկացվում են հոգևոր զրույցներ, որպես հավելյալ դասաժամ` ուսուցանում ենք նաև անգլերեն։ Ունենք գրադարան, երկու դահլիճ՝ ցուցանդեսներ անցկացնելու համար։ Շուտով գործելու են շախմատի, ձեռագործության և թատրոնի խմբակներ։ Այստեղ են հավաքվում և ամեն շաբաթ ժողովներ անցկացնում «Վեմ» երիտասարդաց միության անդամները:
-Ի՞նչ խնդիրներ ունի Տվերի հայկական համայնքը:
– Հայը որտեղ էլ ապրել է, միշտ արարել ու բարի համբավ է ունեցել: Տվերի հայությունն էլ գործունյա ու աշխույժ կյանքով է ապրում, ինչի համար փառք և գոհություն եմ հայտնում Տիրոջը` իր շնորհաշատ օրհնությունն ու ողորմածությունը հայցում հայորդյաց բարօր, անվտանգ ու ապահով կյանքի համար: Մեծ խնդիրներ չկան, կազմակերպված համայնքը է. մարդիկ ապրում են իրենց ամենօրյա հոգսերով և ուրախություններով:
Ի վերջո, համայնքի կազմակերպվածության մասին է խոսում քաղաքի կենտրոնում վեր հառնած հայկական եկեղեցին, որը կառուցվել է տեղի հայերի համախմբվածության շնորհիվ, որպես առհավատչյա նվիրվածության, սիրո ու հավատարմության առ մեր սուրբ նախնիների ժառանգությունը, եկեղեցական ու ազգային նվիրական արժեքները:
-ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցու՞մ եք, համատեղ ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել:
-Ուրախությամբ պետք է նշեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն անմիջապես արձագանքեց մեր խնդրանքին և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տրամադրելու են դասագրքեր`Հայորդյաց տան սաների համար: Կարծում եմ՝ այս համագործակցությունը ժամանակի ընթացքում կընդլայնվի`ի շահ հոգևոր, ազգային կյանքի և ազգային ներուժի համախմբման:
Գևորգ Չիչյան